image

Արցախի մէջ «Խոզերու ժանտա՞խտ» կը տարածուի

Արցախի մէջ «Խոզերու ժանտա՞խտ» կը  տարածուի

Արցախի գիւղատնտեսութեան նախարարութիւնը կը յորդորէ եւ կը պահանջէ կենդանիներու եւ միսի վաճառք իրականացնող տնտեսավարողներէն նշուած ապրանքներու իրացումը պարտադիր իրականացնել պահանջուող ուղեկցող փաստաթուղթերու առկայութեամբ (տեղեկանք համայնքի ղեկավարէն՝ կենդանիի պատկանելութեան մասին եւ տեղեկանք համայնքը սպասարկող անասնաբուժէն), որ կը տրուի կենդանիի՝ նախասպանդային եւ յետսպանդային զննութեան իրականացումէն ետք:

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հանրապետութեան որոշ տարածքներում արձանագրուել են «խոզերի աֆրիկական ժանտախտ» հիւանդութեան օջախներ, ուստի կոչ ենք անում խստիւ պահպանել խոզի մսի իրացման բոլոր սանիտարահիգիենիկ նորմերը, ներառեալ վերը նշուած փաստաթղթերի առկայութիւնը՝ հիւանդութեան հետագայ տարածումը կանխարգելելու նպատակով:

Առանց ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերի կենդանիների ու մսի վաճառքը յղի է ազգաբնակչութեան առողջութեան համար մի շարք վտանգներով, ուստի յորդորում ենք սպառողներին նախքան մսի ձեռքբերումը պահանջել վաճառողից համապատասխան տեղեկանքների առկայութիւնը:

Իրազեկում ենք նաեւ, որ ստեղծուած իրավիճակում, վառելիքի սղութեամբ պայմանաւորուած, հարիւր տոկոս պետական մասնակցութեամբ գործում է «Պրոդսերվիս» ՓԲԸ, որը կազմակերպում է համայնքներից գիւղատնտեսական մթերքների, այդ թուում՝ մսի ձեռքբերման ու մայրաքաղաքի բնակչութեանը մատակարարման աշխատանքները:

Ուստի կենդանիների եւ մսի վաճառք իրականացնող տնտեսավարողները լրացուցիչ հոգսերից խուսափելու նպատակով կարող են վաճառքն իրականացնել նշուած ընկերութեան միջոցով:

Զգուշացում. առանց պահանջուող ուղեկցող փաստաթղթերի կենդանիների եւ մսի իրացում իրականացնողները սահմանուած կարգով կ'ենթարկուեն պատասխանատւութեան»,- ըսուած է հաղորդագրութեան մէջ: