Արցախի մշակութային ժառանգութեան մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը կը գրէ.
«Ադրբեջանում Կովկասի պատմութեան կեդրոնի տնօրէն Ռիզվան Հուսէյնովը 2025 թուականի մայիսի 17-ին իր թելեկրամեան ալիքում իր իսկ մեկնաբանութեամբ ու մասնակցութեամբ տեսանիւթ է հրապարակել, որտեղ յայտնում է Գարեգին Նժդեհի յուշարձանի ոչնչացման մասին՝ ներկայացնելով հերոսին որպէս ֆաշիստ, իսկ յուշարձանի ոչնչացումը որպէս հերոսութիւն։ Հուսէյնովը նշում է նաեւ ՀՀ եւ Արցախի ազգային հերոս Մոնթէ Մելքոնեանի յուշարձանի ոչնչացման մասին։
Հարկ է նշել, որ ազգային հերոս Գարեգին Նժդեհի յուշարձանը գտնուում էր Արցախի Մարտունի քաղաքում։ Այն քանդակուել էր քանդակագործ Արմէն Պետրոսեանի կողմից եւ տեղադրուել 2020 թուականի սեպտեմբերի 26-ին։
Արցախի Մարտունու շրջանում տեղակայուած Գարեգին Նժդեհի արձանի ոչնչացումը «Զինուած հակամարտութիւնների ժամանակ մշակութային արժէքների պաշտպանութեան մասին» Հաագայի 1954 թ. Կոնվենցիայի (համաձայնագիր) 4-րդ յօդուածի եւ լրացուցիչ՝ 1999 թ. ընդունուած Երկրորդ արձանագրութեան խախտում է։
Այն խախտում է նաեւ Հաագայի Արդարադատութեան միջազգային դատարանի պարտադիր ուժ ունեցող 2021 թուականի դեկտեմբերի 7-ի որոշումները, որով դատարանը պարտաւորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու եւ պատժելու վանթալիզմի (աւեր) եւ պղծման գործողութիւնները, որոնք վերաբերում են հայկական մշակութային ժառանգութեանը, ներառելով, բայց չսահմանափակուելով միայն եկեղեցիներով եւ պաշտամունքի այլ վայրերով, յուշարձաններով, տեսարժան վայրերով, գերեզմանատներով եւ արտեֆակտներով (հին մշակոյթի գործեր):
Յուշարձանի ոչնչացումը նաեւ խախտում է Միջազգային մարդասիրական իրաւունքի 38-րդ, 39-րդ, 40-րդ եւ 41-րդ կանոնները։ Յոյժ կարեւոր է ընդգծել այն հանգամանքը, որ Արդարադատութեան միջազգային դատարանը հաստատել է, որ օկուպացուած (բռնագրաւուած) տարածքներում գործող օրէնքները՝ ներառեալ մշակութային արժէքների պաշտպանութեան դրոյթները, ձեռք են բերել միջազգային սովորութային իրաւունքի (infra Jurisprudence) կարգավիճակ, այսինքն գործում են որպէս համընդհանուր եւ անշրջանցելի կանոն եւ պարտադիր են բոլոր պետութիւնների համար։»