image

Արցախի անկախութիւնը անվիճարկելի է. Արցախի ԱԺ նախագահ

Արցախի անկախութիւնը անվիճարկելի է. Արցախի ԱԺ նախագահ

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասեանը շնորհաւորական ուղերձ յղած է ԼՂՀ առաջին գումարման Գերագոյն խորհուրդի կազմաւորման 30-ամեակին առիթով:

Ուղերձին մէջ կ'ըսուի.

«30 տարի առաջ այս օրը՝ 1991թ. Դեկտեմբերի 28-ին  կայացած ընտրութիւնների արդիւնքում կազմաւորուել է նորաստեղծ հանրապետութեան օրէնսդիր մարմինը՝ Գերագոյն խորհուրդը, որը 1992 թուականի Յունուարի 6-ի անդրանիկ նիստում ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութեան հռչակագիրը՝ ելնելով ժողովրդի ինքնորոշման անկապտելի իրաւունքից, հենուելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ժողովրդի ազատ կամքի վրայ։

Այս առիթով ջերմօրէն շնորհաւորում եմ օրէնսդիր մարմինի բոլոր գումարումների նախագահներին, փոխնախագահներին, յանձնաժողովների նախագահներին եւ խմբակցութիւնների ղեկավարներին, պատգամաւորներին եւ մաղթում առողջութիւն, խաղաղութիւն, արժանապատիւ ապագայ։

Անկախութեան հռչակագրին Ատրպէյճանը  պատասխանել է երեք պատերազմով։ Արցախեան առաջին պատերազմին զինուորագրուել եւ իրենց կեանքն են զոհաբերել Գերագոյն խորհրդի առաջին գումարման 11 պատգամաւոր։ Յաւերժ փառք նրանց եւ հայրենիքի համար նահատակուած բոլոր քաջորդիներին, խոնարհումս նրանց սուրբ յիշատակին։

ԼՂՀ Գերագոյն խորհրդի 30-ամեակի առթիւ Արցախի խորհրդարանը  նպատակ  է ունեցել Դեկտեմբերի 28-ին յատուկ նիստ հրաւիրել, սակայն Հանրապետութիւնում տարածուած  համավարակի եւ յայտարարուած համապետական կարանտինի  պատճառով  նիստ չի գումարուել։

Մեր օրերում Արցախը, թէկուզ ծուատուած, ունի պետականութիւն, իսկ նրա անկախութիւնն անվիճարկելի է։ Հակամարտութեան վերջնական լուծման կողքին անվերապահօրէն դրուած  է նաեւ Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման եւ նրա սահմանների խնդիրը:

Պատմութեան քառուղիներում մաքառած  հայ ժողովրդի գոյութիւնն ու փրկութիւնը մշտապէս պայմանաւորուած էր հայութեան համախմբուածութեամբ եւ միակամութեամբ։ Մեր ապրելակերպով եւ հաստատակամութեամբ պէտք է տէր կանգնենք ճակատագրօրէն մեզ վիճակուած հայրենիքին եւ հետեւողականօրէն  պայքարենք մեր իրաւունքների պաշպանութեան համար։ Մեր կամքն ու նպատակները անշեղելի  են եւ ենթակայ չեն զիջման։

Համայն հայութեանը միասնականութեան, փոխըմբռնման եւ հանդուրժողականութեան կոչ ենք անում»։