Գիւմրի-Երեւան ճանապարհին ինքնաշարժի արկածի զոհ գացած Արցախի Ճարտար քաղաքի բնակչուհի Հելէն Դադայեանի հարազատները հաւաքուած են Ստեփանակերտի Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտէի (ԿԽՄԿ) գրասենեակին առջեւ՝ պահանջելով աղջկան աճիւնը տեղափոխել հայրենիք։
«Արդէն մօտ մէկ շաբաթ է` Հելէնի աճիւնը Գորիսի դիահերձարանում է։ Տեւական ժամանակ է` ԿԽՄԿ-ն ձգձգում է պատասխանը։ Հիմա եկել ենք այստեղ` խնդրելու, որպէսզի կատարեն իրենց գործը, իսկ թէ ինչու չեն կատարում, գոնէ պատճառն ասեն։ Մեր հարցին այդպէս էլ չի պատասխանել գրասենեակի ղեկավարը։ Թողել եւ հեռացել է։
ԿԽՄԿ-ն այս պահին, փաստօրէն, սպասում է Ադրբեջանի պատասխանին։ Մեզ է միացել նաեւ պետական նախարար Գուրգէն Ներսիսեանն ու առաջարկել դիմել Արցախում տեղակայուած ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար Ալեքսանդր Լենցովին։
Օդանաւակայանում հանդիպել ենք Լենցովին, ով ասել է, որ սպասենք. եթէ ԿԽՄԿ-ն պատասխան չտայ, իրենք կը փորձեն աճիւնը տեղափոխել։ Իսկ եթէ չստացուի, ապա պէտք է բանակցեն, որպէսզի ծնողները գնան ու մասնակցեն յուղարկաւորութեանը»,- «Արցախփրէս»-ի հետ զրոյցին մանրամասնած է Հելէնի եղբայրը` Նուէր Ստեփանեան։