Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը այսօր` Փետրուար 18-ին Վերածնունդի օրուան առիթով հանդէս եկած է յայտարարութեամբ:
«1988թ. փետրուարեան օրերին Արցախում (նախկին` Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ) տեղի ունեցած իրադարձութիւնները հիմնովին փոխեցին ոչ միայն այստեղ ապրող բնիկ հայ ժողովրդի, այլեւ նախկին Խորհրդային Միութեան այլ ժողովուրդների հետագայ տարեգրութիւնը:
Տասնեակ հազարաւոր մարդիկ, օգտագործելով ԽՍՀՄ-ում հռչակուած ազատական ու ժողովրդավարական գաղափարները, Ստեփանակերտում եւ մարզի այլ բնակավայրերում խաղաղ հանրահաւաքների միջոցով ձգտում էին վերականգնել պատմական արդարութիւնը` հայկական մարզը Հայաստանին վերամիաւորելու մի քանի սերունդների չիրականացուած երազանքը:
Համաժողովրդական օրէցօր թափ առնող շարժումը ի սկզբանէ որդեգրեց խաղաղ ճանապարհով` իրաւական ու քաղաքական եղանակներով բարձրացուած խնդիրը լուծելու վարքագիծ, ինչն աներկբայ հաստատում ստացաւ Փետրուարի 20-ին` նախկին մարզի բարձրագոյն ներկայացուցչական մարմնի` ժողովրդական պատգամաւորների մարզային խորհրդի 20-րդ արտահերթ նստաշրջանում. ԼՂԻՄ-ը Ատրպէյճանական ԽՍՀ կազմից հանելու եւ Հայկական ԽՍՀ-ին վերամիաւորելու մասին ընդունուած պատմական որոշումն ազդարարեց արցախեան ազգային-ազատագրական պայքարի նոր փուլը` ղարաբաղեան շարժումը քաղաքակիրթ` իրաւական ճանապարհով առաջ Արցախի ժողովրդի վճռականութիւնը:
Ցաւօք, Ատրպէյճանի ԽՍՀ ղեկավարութիւնը ունակ չեղաւ օգտագործելու խնդիրը ճիշդ հանգուցալուծելու բացառիկ շանսը, եւ արդիւնքում տարածաշրջանը յայտնուեց տեւական անկայունութեան եւ Ատրպէյճանի կողմից ռազմական ճանապարհով հարցը լուծելու իր գայթակղութիւնների ցանցում:
Երկրամասի բնակչութեան բացարձակ մեծամասնութեան կամքն ու ցանկութիւնն արտայայտող Փետրուարի 20-ի որոշման արդիւնքում Արցախն իրաւամբ դարձաւ համայն հայութեան հպարտութեան եւ ազգային զարթօնքի խորհրդանիշ: Ղարաբաղեան շարժման ալիքը տարածուեց ամբողջ աշխարհում եւ հայութեան բոլոր հատուածների կազմակերպուած պայքարի արդիւնքում անցեալ դարի 90-ական թուականների սկզբին կազմաւորուեցին հայկական երկու հանրապետութիւնները:
1991թ. Սեպտեմբերի 2-ին հռչակուած եւ միջազգային իրաւունքի ու ներպետական օրէնսդրութեան պահանջներին համապատասխան ձեւաւորուած Արցախի Հանրապետութիւնը գիտակցուած հանգրուան էր դէպի միասնական հայկական պետութիւն տանող ճանապարհին:
Անչափելի թանկ գին է վճարել մեր ժողովուրդը Արցախի ազատութեան ու անկախութեան համար մղուած պայքարում. հազարաւոր հայորդիներ իրենց կեանքն են զոհաբերել 1991-94թթ., 2016թ. քառօրեայ եւ 2020թ. 44-օրեայ պատերազմների ընթացքում: Արցախի Հանրապետութիւնն այսօր կայ եւ շարունակում է միջազգային ճանաչման հասնելու իր պայքարը հէնց այդ քաջազունների անձնազոհութեան շնորհիւ: Մեր խոնարհումը նրանց անմար յիշատակի առջեւ:
Վերջին 34 տարիներին մենք անցել ենք կայացման ու զարգացման, յաղթանակների ու անյաջողութիւնների մի երկար ուղի եւ այդ ընթացքում ամրապնդուել է այն գաղափարը, որ հայկական Արցախի ապագան երաշխաւորուած է միայն ազատ ու անկախ ապրելու հեռանկարի մէջ:
Արտայայտելով Արցախի ժողովրդի հաւաքական կամքն ու կարծիքը, Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը`
- վերահաստատում է իր հաւատարմութիւնը 1988թ. Փետրուարի 20-ի պատմական որոշմանը եւ վճռականութիւնը` պաշտպանելու հայրենի հողում ազատ ապրելու իր իրաւունքը,
- միջազգային շահագրգիռ կառոյցների եւ, առաջին հերթին, Մինսքի խմբի համանախագահ երկրների խորհրդարանների ուշադրութիւնն է հրաւիրում այն հանգամանքի վրայ, որ Արցախի հայ ժողովուրդը դարեր իր վեր պայքարել է իր ինքնութիւնը պահպանելու համար, ստեղծել է նիւթական ու մշակութային արժէքներ, որոնք այսօր վտանգուած են Ատրպէյճանի կողմից Արցախի Հանրապետութեան որոշ տարածքների բռնազաւթման արդիւնքում,
- կոչ է անում Մինսքի խմբի համանախագահներին անյապաղ քայլեր ձեռնարկել ԵԱՀԿ-ից ստացած մանդատին համապատասխան ղարաբաղեան հակամարտութեան լուծման ուղղութեամբ բանակցային գործընթացը վերսկսելու համար:
Տարածաշրջանում տեւական խաղաղութեան եւ կայունութեան կարելի է հասնել միայն Արցախի Հանրապետութեան ժողովրդի հիմնարար իրաւունքներն ու ազատութիւնները յարգելու ճանապարհով: Հէնց այդ նպատակով է արցախահայութիւնը 1988թ. սկսել իր ազատագրական պայքարը եւ պատրաստ է շարունակել այն` վերջնական նպատակին հասցնելու վճռականութեամբ»: