image

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունեց ՔԴԿ տարածաշրջանային պատասխանատուներին (Լուսանկար)

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունեց  ՔԴԿ տարածաշրջանային պատասխանատուներին (Լուսանկար)

Հուլիսի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի (ՔԴԿ) տարածաշրջանային պատասխանատուներին՝ առաջնորդությամբ ՔԴԿ տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի։

Հանդիպմանը Հայր Սուրբը շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին Հայոց Եկեղեցու կրթադաստիարակչական առաքելության հանդեպ ցուցաբերած մշտամնա հոգածության և ուշադրության համար՝ գոհունակությամբ արձանագրելով, որ անցնող տարիների ընթացքում ՔԴԿ տարածաշրջանային պատասխանատուները նվիրումով են իրականացրել իրենց աշխատանքը և նպաստել «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի արդյունավետ դասավանդմանը։

Այնուհետև Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցելով ներկաներին տարիների նվիրյալ ու ջանադիր ծառայության համար՝ վերստին անդրադարձավ  «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցման կարևորությանը և մատաղ սերնդին ազգային-հոգևոր արժեհամակարգով կրթելու հրամայականին։ Նորին Սրբությունը ցավով արձանագրեց, որ հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ առաջիկա ուսումնական տարում առարկան դասավանդվելու է միայն 9-րդ և 11-րդ դասարաններում, իսկ 2026 թ.-ից այն ամբողջությամբ դուրս է գալու կրթական ծրագրից։ Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևոր նկատեց թեմերում պատանի հայորդիների քրիստոնեական դաստիարակության զորացումը, որին իրենց տարիների հարուստ փորձառությամբ կարևոր ծառայություն կարող են մատուցել ՔԴԿ տարածաշրջանային պատասխանատուները։