Ապրիլի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Վրաստանի գլխաւոր դատախազ Իրակլի Շօթաձէի գլխաւորած պատուիրակութեանը` ուղեկցութեամբ ՀՀ գլխաւոր դատախազ Արթուր Դաւթեանի:
Հանդիպման սկզբում ՀՀ գլխաւոր դատախազը Նորին Սրբութեանը ներկայացրեց Հայաստանի եւ Վրաստանի գլխաւոր դատախազութիւնների միջեւ հաստատուած սերտ փոխգործակցութիւնը:
Ողջոյնի իր խօսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակութեամբ արձանագրեց, որ վերջին տասնամեակներին երկու երկրների միջեւ գործակցութիւնն առաւել խորանում եւ ընդլայնւում է` համահունչ երկու ժողովուրդների դարաւոր բարեկամութեանը: Նորին Սրբութիւնը նկատեց, որ հայ եւ վրաց ժողովուրդները դարէր շարունակ յարատեւել են քրիստոնէական հաւատքի շնորհիւ եւ միմեանց զօրաւիգ լինելով` կարողացել են յաղթահաՀել բազմաթիւ դժուարութիւններ` պահպանելով իրենց ազգային ինքնութիւնը:
Շնորհաւորելով վրաց ժողովրդին Տէր Յիսուս Քրիստոսի Սուրբ Յարութեան գալիք տոնի առիթով` Հայոց Հովուապետը մաղթեց, որ երկու ժողովուրդների համագործակցութիւնը լինի արդիւնաւէտ եւ նպաստի երկու բարեկամ պետութիւնների զարգացմանը, առաջընթացին ու բարօր կեանքի կերտմանը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաեւ իր եղբայրական ողջոյններն ու բարեմաղթանքները փոխանցեց Համայն Վրաստանի Իլիայ Բ Կաթողիկոս-պատրիարքին:
Իր հերթին Վրաստանի գլխաւոր դատախազ Իրակլի Շօթաձեն ընդգծեց, որ նման այցերը նպաստում են երկու երկրների պետական կառոյցների փոխյարաբերութիւնների առաւել սերտացմանը: Պարոն Շօթաձեն Վեհափառ Հայրապետին փոխանցեց նաեւ Վրաց Ուղղափառ Եկեղեցու հովուապետի ողջոյնները: