image
Հրատապ լուրեր:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սուրիա-Հայաստան բարեկամական խումբի պատուիրակութիւնը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սուրիա-Հայաստան բարեկամական խումբի պատուիրակութիւնը

Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Սիրիայի Արաբական Հանրապետութեան խորհրդարանի Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լիւսի Իսկանեանի գլխաւորած պատուիրակութեանը:  

Նորին Սրբութիւնը, ողջունելով հիւրերին, ընդգծեց, որ վերջիններիս այցը Հայաստան Հայոց ցեղասպանութեան ոգեկոչման շրջանականներում լաւագոյնս վկայում է երկու ժողովուրդների բարեկամական եւ ջերմ յարաբերութիւնների մասին, որոնք ունեն դարուոր պատմութիւն:

Հանդիպմանը Հայոց Հովուապետը գոհունակութեամբ արձանագրեց, որ Հայոց ցեղասպանութիւնը վերապրած հայ ժողովրդի զաւակները կարողացել են ապաստան գտնել Սիրիայում եւ կազմակերպել իրենց ազգային-հոգեւոր կեանքը՝ օգտակար ներդրում բերելով երկրի հասարակական կեանքի տարբեր ոլորտների առաջընթացին: Այս առիթով Վեհափառ Հայրապետը, վերհիշելով իր այցերը Սիրիայի Արաբական Հանրապետութիւն, ինչպէս նաեւ հանդիպումները Սիրիայի նախագահի հետ Սիրիայում եւ Սուրբ Էջմիածնում, ուրախութեամբ հաստատեց հայ համայնքի նկատմամբ Սիրիայի իշխանութիւնների կողմից ցուցաբերուող հոգատար վերաբերմունքը: Նորին Սրբութիւնն իր երախտագիտութիւնն ու գնահատանքը յայտնեց Սիրիայի խորհրդարանին Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու եւ դատապարտելու համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարեւոր նկատեց նաեւ հայ-սիրիական կապերի եւ փոխգործակցութեան սերտացման ու զօրացման գործում Հայ Եկեղեցու համայնքների դերակատարութիւնը:

Իր հերթին տիկին Լիւսի Իսկանեանը, Նորին Սրբութեանը ներկայացնելով պատուիրակութեան անդամներին, հաստատեց, որ Սիրիայի իշխանութիւնները շարունակում են իրենց աջակցութիւնը բերել սիրիահայութեանը` խրախուսելով վերջինիս ներգրաւուածութիւնը երկրի քաղաքական, տնտեսական եւ մշակութային գործընթացներին:

Զրոյցի ընթացքում անդրադարձ կատարուեց նաեւ Ադրբեջանի վերահսկողութեան տակ յայտնուած տարածքներում հայկական հոգեւոր-մշակութային ժառանգութեան պահպանութեան խնդիրների, սրբավայրերի ու խաչքարերի պղծման եւ ոչնչացման դէպքերին: Խօսելով Հայաստանի եւ Արցախի ժողովրդի խաղաղ ու անկախ ապրելու իրաւունքի դէմ Ադրբեջանի կողմից շարունակուող ոտնձգութիւնների եւ յետպատերազմեան մարտահրաւէրների մասին` Նորին Սրբութիւնը վստահեցրեց, որ հայ ժողովուրդն իր մէջ ուժ կը գտնի յաղթահարելու առկայ դժուարութիւնները: