image

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռումինիայի Հանրապետութեան Կրօնից նախարարը եւ Ռումին Ուղղափառ Եկեղեցւոյ Պատրիարքական փոխանորդը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռումինիայի Հանրապետութեան Կրօնից նախարարը եւ Ռումին Ուղղափառ Եկեղեցւոյ Պատրիարքական փոխանորդը

Յուլիսի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ռումինիայի Հայոց թեմի հաստատման 620-ամեակի տօնախմբութեան առիթով Հայաստան ժամանած Ռումինիայի Հանրապետութեան Կրօնից նախարար Վիկտոր Օպասքիին եւ Ռումին Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքական փոխանորդ Գերաշնորհ Վարլաամ եպիսկոպոս Պլոյեստանուլին` ուղեկցութեամբ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Տաթեւ եպիսկոպոս Յակոբեանի: 

Հանդիպմանը ներկայ էր նաեւ ՀՀ–ում Ռումինիայի արտակարգ եւ լիազօր դեսպան Կորնել Իոնեսկուն:

Տաթեւ Սրբազանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացնելով հիւրերին` ընդգծեց նրանց կարեւոր ներդրումը ռումիանահայ համայնքի կեանքում` անդրադառնալով Ռումինիայի հայոց թեմի` Ռումին Ուղղափառ Եկեղեցու, ինչպէս նաեւ Ռումինիայի Հանրապետութեան իշխանութեան հետ ձեւաւորուած սերտ համագործակցութեանը:

Այնուհետեւ, իր օրհնութիւնն ու բարեմաղթանքերը բերելով հիւրերին, Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակութեամբ անդրադարձ կատարեց երկու երկրների սերտ յարաբերութիւններին` խօսելով Ռումինիայի եւ ռումին ժողովրդի հանդէպ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առանձնայատուկ ջերմութեան մասին, ինչը պայմանաւորուած էր երջանկայիշատակ Վազգէն Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսի անձով եւ գործունէութեամբ: 

Իր խօսքում Հայոց Հովուապետն ուրախութեամբ ընդգծեց Ռումիանիայի իշխանութիւնների եւ Ռումին Ուղափառ Եկեղեցու հոգատար վերաբերմունքը ռումինահայ համայնքի եւ Ռումինիայի հայոց թեմի նկատմամբ: 

Ապա Վեհափառ Հայրապետն իր եղբայրական սերն ու բարեմաղթանքները փոխանցեց Ռումին Ուղղափառ Եկեղեցու Դանիէլ Պատրիարքին:

Նախարար Վիկտոր Օպասքիին անդրադարձաւ Ռումինիայի հայ համայնքի եւ Ռումինիայի հայոց թեմի հետ սերտ գործակցութեանը` ընդգծելով տարբեր քրիստոնեայ ժողովուրդների իրաւունքների եւ հոգեւոր–մշակութային ժառանգութեան պահպանմանն ի նպաստ Ռումինիայի իշխանութիւնների կողմից ներդրուող ջանքերը: 

Իր հերթին Գերաշնորհ Վարլաամ եպիսկոպոս Պլոյեստանուլը Նորին Սրբութիւն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցեց Ռումին Ուղղափառ Եկեղեցու Դանիէլ Պատրիարքի ողջոյներն ու բարեմաղթանքները: