Մարտի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Քիշնեւի (Մոլդովայի Հանրապետութիւն) քաղաքապետ Իոն Չեբանի գլխաւորած պատուիրակութեանը:
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակութեամբ ընդգծեց, որ նմանօրինակ այցելութիւններն իրենց կարեւոր նպաստն են բերում երկու երկրների բարեկամական կապերի առաւել ամրապնդմանն ու գործակցութեան զարգացմանը: Նորին Սրբութիւնը գոհունակութեամբ հաստատեց, որ դեռեւս վաղ միջնադարից Մոլդովայում կայք հաստատած հայ ժողովրդի զաւակները կարողացել են կազմակերպել իրենց ազգային եւ հոգեւոր կեանքը` կարեւոր ներդրում բերելով երկրի զարգացման գործում: Հայոց Հովուապետը նշեց, որ այսօր էլ Մոլդովայի փոքրաթիւ հայ համայնքը շարունակում է յաջողութիւններ արձանագրել տարբեր ոլորտներում` վայելելով Մոլդովայի իշխանութիւնների, նաեւ Քիշնեւի քաղաքապետարանի բարեացակամ վերաբերմունքն ու հոգատարութիւնը:
Նորին Սրբութիւնն անդրադարձաւ նաեւ Մոլդովայում ստեղծուած դարաւոր հայ հոգեւոր-մշակութային ժառանգութեան պահպանութեանը, ներկայում գործող երկու եկեղեցիներին, ինչպէսեւ Հայոց Եկեղեցու դերակատարութեանը հայ ինքնութեան պահպանման գործում:
Իր հերթին քաղաքապետ Իոն Չեբանը Հայոց Հայրապետին տեղեկացրեց Հայաստան այցի նպատակների, ձեւաւորուած գործակցութեան եւ Երեւանի քաղաքապետարանի հետ նախանշուող ծրագրերի մասին: Քաղաքապետը գոհունակութեամբ յիշատակեց հայկական համայնքի հետ ջերմ յարաբերութիւնների մասին:
Զրոյցի ընթացքում խօսուեց նաեւ տարածաշրջանում առկայ լարուած իրավիճակի, Հայաստանի ու Արցախի առջեւ ծառացած անվտանգային հիմնախնդիրների մասին, խաղաղութեան եւ կայունութեան հաստատման գործում կարեւորուեց միջազգային հանրութեան, ի մասնաւորի բարեկամ երկրների զօրակցութիւնը: