image

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հունգարիայի փոխվարչապետի գլխաւորած պատուիրակութիւնը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հունգարիայի փոխվարչապետի գլխաւորած պատուիրակութիւնը

Յունիսի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեմյենի գլխաւորած պատուիրակութեանը:

Հանդիպմանը ներկայ էին նաեւ Հունգարիայում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան տիար Աշոտ Սմբատեանը եւ ՀՀ-ում Հունգարիայի արտակարգ եւ լիազօր դեսպան տիկին Աննա Մարիայ Շիկոն:

Զրոյցի ընթացքում անդրադառնալով Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների վերականգնմանը` Նորին Սրբութիւնը յոյս յայտնեց, որ անհրաժեշտ քայլերը կը ձեռնարկուեն հայ-հունգարական կապերի եւ համագործակցութեան առաւել արդիւնաւորման ուղղութեամբ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ի դէմս փոխվարչապետի իր գնահատանքը յայտնեց Հունգարիայի իշխանութիւններին հայկական համայնքին ցուցաբերուող զօրակցութեան, ինչպէս նաեւ Մերձաւոր Արեւելքի երկրներում քրիստոնէական համայնքներին աջակցութեան համար:

Հանդիպմանը Հայոց Հովուապետն մտահոգութեամբ անդրադարձ կատարեց Հայաստանի ինքնիշխան տարածքների եւ Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակական ոտնձգութիւններին` կարեւորելով տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան հաստատմանն ուղղուած` միջազգային կառոյցների հետեւողական քայլերի իրականացման անհրաժեշտութիւնը: Նորին Սրբութիւնն այս կապակցութեամբ իր երախտագիտութիւնը յայտնեց Հունգարիայի իշխաննութիւններին հինգ հայ ռազմագերիների հայրենադարձման հարցում ներդրած միջնորդական ջանքերի համար:  

Իր հերթին փոխվարչապետ Ժոլտ Շեմյենը խօսեց հայ-հունգարական դիւանագիտական կապերի վերականգնման կարեւորութեան մասին: Փոխվարչապետը հաւաստիացրեց Հայոց Հայրապետին, որ Հունգարիայի իշխանութիւնները շարունակելու են իրենց աջակցութիւնը Հունգարիայի հայ համայնքին եւ հայոց եկեղեցուն, ինչպէս նաեւ Մերձաւոր Արեւելքի երկրներում քրիստոնէական համայնքներին: Պրն․ Շեմյենը Վեհափառ Հայրապետին նաեւ տեղեկացրեց, որ Հունգարիայում գործող հայկական եկեղեցին ստացել է պետական գրանցում:

Պրն․ Ժոլտ  Շեմյենը կատարեց նաեւ մէկ այլ պարտականութիւն` Ամենայն Հայոց Հայրապետին յանձնելով Բուդապեշտի Կարոլի Գաշփար համալսարանի պատուաւոր դոկտորի կոչումը:

Հանդիպմանը նաեւ խօսուեց միջեկեղեցական յարաբերութիւնների, ինչպէս նաեւ Հունգարիայի հայ համայնքի կեանքի մասին: