image

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայի Իլ տը Ֆրանս կեդրոնական շրջանի ղեկավար տիկին Վալերի Պեկրեսի գլխաւորած պատուիրակութեանը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայի Իլ տը Ֆրանս կեդրոնական շրջանի ղեկավար տիկին Վալերի Պեկրեսի գլխաւորած պատուիրակութեանը

Դեկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար տիկին Վալերի Պեկրեսի գլխաւորած պատուիրակութեանը: 

Վեհափառ Հայրապետը ողջունելով հիւրերին` անդրադարձաւ հայ-ֆրանսիական բարեկամական ամուր յարաբերութիւններին` գոհունակութեամբ արձանագրելով, որ Հայոց ցեղասպանութիւնից յետոյ Ֆրանսիայում ապաստանած հայորդիների նկատմամբ Ֆրանսիայի իշխանութիւնները մշտապէս ցուցաբերել են հոգածու վերաբերմունք: Այս առիթով Նորին Սրբութիւնն ընդգծեց նաեւ, որ ֆրանսահայութիւնը եւս իր մեծ նպաստն է բերում հայ-ֆրանսիական բարեկամական կապերի զօրացման գործում:

Հայոց Հայրապետն, ի դէմս տիկին Վալերի Պեկրեսի, իր երախտագիտութիւնը յայտնեց Ֆրանսիայի իշխանութիւններին եւ ժողովրդին Հայոց ցեղասպանութեան միջազգային ճաանաչման եւ Արցախի հիմնախնդրի կարգաւորմանն ուղղուած ջանքերի, ինչպէս նաեւ` 44–օրեայ պատերազմի եւ յետպատերազմեան շրջանում Հայաստանին ցուցաբերած աջակցութեան համար` կարեւոր նկատելով Ֆրանսիայի սենատի կողմից Արցախի անկախութան ճանանչման բանաձեւի ընդունումը:

Տիկին Վալերի Պեկրեսը, ներկայացնելով պատուիրակութեան անդամներին, խօսեց հայ համայնքի հետ ունեցած փոխյարաբերութիւնների, կրթութեան եւ մշակոյթի ոլորտում Հայաստանի հետ փոխգործակցութեան տեսլականների մասին` կարեւորելով երկու երկրների միջեւ ձեւաւորուած բարեկամական յարաբերութիւնների առաւել  խորացումն ու ամրապնդումը: 

Զրոյցի ընթացքում անդրադարձ կատարուեց Ադրբեջանի վերահսկողութեան տակ անցած տարածքներում հայկական հոգեւոր ու մշակութային ժառանգութեան պահպանութեան, պատերազմի ընթացքում վնասուած հայկական եկեղեցիների վերականգնման խնդրին` կարեւորելով միջազգային կառոյցների միջնորդական ջանքերը: