Նոյեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Վայոց Ձորի Ջերմուկ քաղաք:
Այցի ընթացքում Նորին Սրբութեանն ուղեկցում էին Մայր Աթոռի դիւանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ եպիսկոպոս Խաչատրեանը, Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայեանը, Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենեակի տնօրէն Գերաշնորհ Տ. Վազգէն եպիսկոպոս Միրզախանեանը, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Յակոբեանը, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Գրիգոր վարդապետ Խաչատրեանը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխաւորած շքախմբին Ջերմուկ քաղաքի մուտքի մօտ դիմաւորեցին Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչեանը, Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորեանը, Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենեանը:
Այնուհետեւ Նորին Սրբութիւնը հոգեւոր դասի եւ մարզային ու քաղաքային իշխանութիւնների հետ միասին մեկնեց Ջերմուկի Սուրբ Գայանէ եկեղեցի, որտեղ Հայոց Հայրապետին դիմաւորեցին քաղաքի բնակիչները եւ զինուորականները: «Հրաշափառ» շարականի երգեցողութեան ներքոյ Վեհափառ Հայրապետը, իր օրհնութիւնը բաշխելով հաւատաւոր ժողովրդին, մուտք գործեց տաճար, ուր սաղմոսերգութիւնից եւ աղօթքից յետոյ կատարուեց Խաղաղութեան մաղթանք Հայաստանի, Արցախի եւ հայրենեաց սահմանների անսասանութեան ու հայ ժողովրդի անվտանգ, խաղաղ եւ բարօր կեանքի համար: Աղօթք բարձրացուեց նաեւ հայրենիքի պաշտպանութեան համար զոհուած հայորդիների հոգիների խաղաղութեան ու հանգստութեան համար:
Արարողութեան աւարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն ուղղեց ներկայ ժողովրդին:
«Հայրապետական Մեր օրհնութիւնն ենք բերում ձեզ եւ աղօթքով հայցում Երկնաւորից, որ այս դժուարին պահին օգնական լինի նեղութիւններին դիմագրաւող հայորդիներիդ: Առաջին անգամը չէ, որ այցելում ենք մեր երկրի այս գողտրիկ անկիւնը: Ջերմուկում եղել ենք բազմաթիւ առիթներով, հմայուել այս բնաշխարհի շքեղութեամբ եւ վայելել այստեղի ժողովրդի հոգու ջերմութիւնն ու հիւրընկալութիւնը: Ջերմուկն իր բուժիչ ջրերով եւ գեղատեսիլ բնաշխարհով մեր երկրի կարեւորագոյն այցեքարտերից է եւ մշտապէս եղել է հիւանդութիւնների բուժման ու տագնապների փարատման օրրան մեր ժողովրդի եւ բիւրաւոր այցելուների համար: Այսօր Ջերմուկն ինքը կարիքն ունի ապաքինման ու վշտերի թօթափման»,–ասաց Հայոց Հայրապետը:
Անդրադառնալով սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուած ուժերի լայնածաւալ յարձակմանը` Նորին Սրբութիւնն իր սրտակցութիւնը բերեց մեր ժողովրդի սգաւոր եւ վշտացեալ զաւակներին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհուած հայորդիների, աւերուած քաղաքների ու շէների համար, հայցելով, որ Տէրն Իր ողորմութեամբ հանգստութիւն պարգեւի հայրենիքի համար նահատակուած քաջորդիներին, մխիթարութիւն ու սփոփանք շնորհի զոհուածների ընտանիքներին եւ կամք ու քաջութիւն հաւատաւոր զաւակներին, որպէսզի կարողանան դիմակայել յառնած խնդիրներին:
«Տագնապներն ու անհանգստութիւնները չափազանց շատ են այսօր մեր կեանքում: Մենք մտահոգուած ենք մեր հայրենիքի, հարազատ երկրում ապրող մեր ժողովրդի զաւակների ներկայով եւ ապագայով, յատկապէս երբ մեր հայեացքները ամէն անգամ հանդիպում են անմեղ, բայց արդէն հոգսաշատ դարձած մեր մանուկների աչքերին: Մեր երկրի եւ ժողովրդի առջեւ ծառացած մտահոգութիւններից ու անհանգստութիւններից դրդուած` որոշ ընտանիքներ հեռանում են երկրից եւ դառնում գաղթական` օտարութեան մէջ փնտրելով իրենց եւ իրենց զաւակների երջանկութիւնն ու ապահովութիւնը:
Մենք եկել ենք այստեղ ասելու, որ այն ամէնը, ինչ ունենք մեր երկիրն է, մեր հայրենիքը: Պիտի զինուենք քաջութեամբ ու տոկունութեամբ, որպէսզի պաշտպան լինենք այն սրբազան հողին, ուր ապրել ու արարել են մեր հայրերը եւ մեր հայրերի հայրերը, ուր նահատակուել են մեր զաւակները»,–նշեց Հայոց Հայրապետը:
Ապա յիշատակելով ժողովրդի մէջ տարածուած աւանդազրոյցը` Ջերմուկ աշխարհի վիրաւոր եղնիկի մասին, որը որսորդից ստացած ծանր վէրքերը ապաքինում է Ջերմուկի բուժիչ ջրերում, Նորին Սրբութիւնն ընդգծեց․ «Մենք հաւատում ենք, որ Ջերմուկի խորհրդապատկերի նմանողութեամբ այս գեղատեսիլ քաղաքը, այլեւ մեր ողջ երկիրը վերստին կ'ապաքինուի իր վէրքերից, կվերապրի ողբերգութիւնները եւ կյաղթահարի դժուարութիւններն ու նեղութիւնները: Եւ մեր ժողովուրդը իր իմաստնութեամբ, իր աշխատասիրութեամբ, տոկունութեամբ ու քաջութեամբ պիտի շարունակի կառուցել արժանապատիւ ու ստեղծագործ իր կեանքը, զօրացնել երկիր հայրենին եւ կերտել լուսաւոր գալիքը»:
Այցի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական գնահատանքը եւ օրհնութիւնը փոխանցեց Վայոց Ձորի թեմի հոգեւոր սպասաւորներին` թեմակալ առաջնորդի գլխաւորութեամբ, հաւատաւոր մեր ժողովրդի հաւատն ու ոգին ամուր պահելու, Աստծոյ խօսքով հաւատաւոր հոտին զօրացնելու ու մխիթարելու, սահմանամերձ բնակավայրերում իրենց նուիրեալ ծառայութիւնը շարունակելու համար:
Հայոց Հովուապետը նաեւ իր հայրական օրհնութիւնը բերեց Վայոց Ձորի մարզային եւ Ջերմուկի քաղաքային իշխանութիւններին, ովքեր ինչպէս պատերազմական դժուարին օրերին, այնպէս էլ այսօր բնակիչների հետ ամուր կանգնած են հայրենիքի պաշտպանութեան դիրքերում:
Վերջում Նորին Սրբութիւնն աղօթք բարձրացրեց առ Աստուած, որ Ամենակալ Տէրը խաղաղութիւն սփռի համայն աշխարհում, խաղաղութեան մէջ պահի Հայոց աշխարհն ու ժողովրդին եւ ամենախնամ Իր Աջի հովանու ներքոյ զօրութիւն ու ամրութիւն պարգեւի ամէնքին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաեւ առանձին հանդիպում ունեցաւ Ջերմուկ քաղաքի Սուրբ Գայանէ եկեղեցու երիտասարդաց միութեան անդամների հետ: Վեհափառ Հայրապետը գոհունակութեամբ ծանօթացաւ երիտասարդների եկեղեցանուէր ու հայրենասէր ձեռնարկումներին: Իր օրհնութիւնն ու հայրական պատգամը փոխանցելով վերջիններիս` յորդորեց, որ հաստատուն մնան առ Աստուած սիրոյ ու հաւատքի մէջ, զօրեղ պահեն միմեանց հանդէպ քրիստոսապատուէր սերը, շարունակեն ոգու քաջութեամբ ու անսասան հաւատքով կապուած մնալ Մայր Եկեղեցուն եւ ծառայել Հայրենիքին:
Հանդիպման ընթացքում Նորին Սրբութիւնը նաեւ պատասխանեց երիտասարդներին յուզող հարցերին` առնչուած Հայ Եկեղեցու երիտասարդական ծրագրերին եւ առկայ մարտահրաւէրների յաղթահարմանն ուղուած ջանքերին իրենց ներգրաւուածութեանը:
Այնուհետեւ հայրապետական պատուիրակութիւնը համայնքային իշխանութիւնների ուղեկցութեամբ այցելեց Ջերմուկ քաղաքի հիւանդանոց, ուր Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց բուժանձնակազմի հետ, ծանօթացաւ առկայ դժուարութիւններին: Փոխանցելով իր օրհնութիւնը` Հայոց Հովուապետը գնահատանք յայտնեց վերջիններիս անձնուէր ծառայութեան համար, ինչի շնորհիւ ռազմական գործողութիւնների ընթացքում փրկուեցին բազմաթիւ կեանքեր: Բուժանձնակազմի հետ զրոյցին անդրադարձ կատարուեց տիրող իրավիճակից բխող անհանգստութիւններին ու առկայ խնդիրներին:




![]()


![]()
