Ֆրանսիայում ապրող հասարակական գործիչ, Ֆրանսիայի Հայկական միության փոխնախագահ Մացակ Փոլադյանը, խոսելով Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչության մասին, ասաց, որ այն, ինչ տեղի ունեցավ անցյալ ուրբաթ օրը Փարիզում, սպասելի էր: «Անձամբ ես անակնկալի չեմ եկել տեղի ունեցածից: Դեպքերն ու հանգամանքները տանում էին դրան: Ես բազմիցս, թե' իմ ֆրանսացի ընկերներին, թե' հայերին ասել եմ, որ նման բան է սպասվում երկրում: Եթե ես, որպես մի պարզ քաղաքացի, այդքանը կանխազգում էի, ապա հարց է առաջանում` ո՞ւր էին պետական ապահովական կառույցները. կամ լավ չէին աշխատում, կամ ի վիճակի չէին կանխարգելելու, կամ էլ գիտեին ու թողեցին, որ տեղի ունենա այն, ինչ տեղի ունեցավ»,-«Արեւելքի» հետ զրույցում ասաց Մացակ Փոլադյանը: Մեր զրուցակիցը նշեց, որ ինչպես պատմության բոլոր փորձություններից, այս փորձությունից նույնպես Ֆրանսիան դուրս է գալու մեծ պատվով և հաղթանակած:
«Քաջածանոթ լինելով ֆրանսիական պատմությանը և ֆրանսիացի ժողովրդին, ազգին, չկասկածեք, Ֆրանսիայի հանրապետությունն իսլամիստներին խեղդելու է արյան ծովում: Իսկ ով կասկածում է, թող հետադարձ հայացք նետի Ֆրանսիայի պատմությանը և տեսնի հնագույն այս երկրի անցյալը:
Ֆրանսիան դեռ սգի մեջ է: Սգից դուրս գալուց հետո երկրում և երկրից դուրս լայնածավալ գործողություններ են իրականացվելու: Չեմ ուզում մտնել մանրամասնությունների մեջ, թե այս իսլամիստ բաշիբոզուկների ետևում ո՞վ է կանգնած, ո՞վ է նրանց թիկունքը, որտեղից են ֆինանսավորվում եւ այլն: Ֆրանսիական հզոր պատմություն ու մշակույթ ունեցող պետությունը չի կարող պարտվել այս մարդանման արարածներին»,-նշեց մեր զրուցակիցը, ավելացնելով, որ պատմության բոլոր հանգրվաններում գտնվել են մարդիկ, ովքեր պայքարել են հանուն ազատ, անկախ ու խաղաղ Ֆրանսիայի, և այսօր էլ կան այդպիսիք: