image
Հրատապ լուրեր:

Հայկական ամենամեծ երաժշտախումբը կրկին պատրաստվում է համերգի (տեսանյութ)

Հայկական ամենամեծ երաժշտախումբը կրկին  պատրաստվում է համերգի  (տեսանյութ)

Շուտով ԳՈՀԱՐ սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը կրկին կներկայանան հանդիսատեսին: Բեյրութի ամենաշքեղ սրահներից մեկում` «Ֆորում դը Բեյրութում» (Forum De Beyrouth) հոկտեմբերի 29-ին,  30-ին, 31-ին եւ  նոյեմբերի 1-ին կհնչեն բոլոր ժամանակների հայկական սիրված երգերը, ընդ որում` համերգային ծրագիրը, ինչպես հայտնում են ԳՈՀԱՐ-ի տնօրինությունից, յուրաքանչյուր օր փոխվելու է:   Երաժշտական խմբի տնօրինությունն արդեն հայտարարել է տոմսերի վաճառքի մեկնարկը:  ԳՈՀԱՐ-ի բեյրության համերգների  տոմսերը  կարելի է ձեռք բերել Virgin Ticketing Box Office-ից, ինչպես նաեւ` պատվիրել  առցանց:  

ԳՈՀԱՐ-ը Հայաստանում եւ Սփյուռքում ամենահայտնի երաժշտական միավորումն է` կազմված  սիմֆոնիկ նվագախմբից  եւ երգչախմբից: Հիմնվել է  2000 թվականին` բեյրութահայ արվեստասեր ու հայրենասեր ընտանիքի` Խաչատուրեանների կողմից, հանձինս Յարութ Խաչատուրեանին:   ԳՈՀԱՐ-ը համերգներով հանդես է եկել ոչ միայն Հայաստանում, այլեւ` սփյուռքահայ համայնքներում։ Համերգներից ստացված հասույթի մեծ մասը ծախսվում է հայ դպրոցին եւ հայ ուսուցիչին սատար կանգնելու նպատակներով։

ԳՈՀԱՐ-ի առաջին միջազգային ելույթը տեղի է ունեցել 2002 թվականին` Նիկոսիայում։ Նույն թվականին  խումբը  ելույթ է ունեցել նաեւ Բեյրութում եւ Երևանում։ Հատկանշական են  2005 թվականին  խմբի ելույթները`  Ստամբուլում, 2006 թվականին՝ Մոսկվայում։

2007 թվականին ԳՈՀԱՐԸ ԱՄՆ-ում  ելույթ է ունեցել  6 տարբեր նահանգներում, իսկ  Կանադայում՝ 2 քաղաքներում։

2009 թվականին խումբը  հանդես է եկել  Դամասկոսում եւ  Հալեպում, 2010 թվականին Զուք Միքայիլ, Լիբանան, 2012-ն՝ Ուրուգվայում, Արգենտինայում եւ Պրազիլում։

ԳՈՀԱՐ-ի ամենատպավորիչ ելույթներից մեկը համարվում է  2011 թվականի մայիսի 28-ին Երեւանի Ազատության  հրապարակում տեղի ունեցած համերգը` հայ երգիչների մասնակցությամբ, նվիրված Հայաստանի առաջին հանրապետության հռչակման տարեդարձին:

ԳՈՀԱՐ-ն  ունի համերգային ելույթների հիման վրա թողարկված ձայնասկավառակներ:

2009 թվականին ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիով, մշակույթի և արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար լիբանանահայ բարերար Գոհար Խաչատուրեանը պարգեւատրվել  է «Մովսես Խորենացի» մեդալով: