image
Հրատապ լուրեր:

Հայերենին նվիրված համաժողով՝ Օքսֆորդի համալսարանում

Հայերենին նվիրված համաժողով՝ Օքսֆորդի համալսարանում

Օքսֆորդի համալսարանի Pembroke քոլեջում, համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի օժանդակությամբ շարունակվում է «Արևմտահայերենը՝ 21-րդ դարում» եռօրյա (հունվարի 21-23) համաժողովը: Համաժողովին մասնակցում են արևմտահայերենի պահպանման և ապագայի խնդիրներով  մտահոգված գրողներ, գրական, կրթական, հասարակական գործիչներ, նշանավոր համալսարանների հայագիտական ամբիոնների դասախոսներ, հրատարակիչներ, արևմտահայերեն մամուլի ներկայացուցիչներ:



 

2010 փետրվարին ժամանակակից հայերենի երկու ճյուղերից մեկը՝արևմտահայերենը,  ընդգրկվել է  ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի վտանգված լեզուների էլեկտրոնային ատլասի» մեջ` ստանալով վտանգվածության առկա մակարդակներից «հաստատապես վտանգված» կարգավիճակը:  Համաժողովի կազմակերպիչները, մտահոգություն հայտնելով  ՅՈՒՆԵՍԿՕ-ի այդ որոշման առթիվ,  համաժողովի շրջանակներում ստեղծված աշխատանոցների ընթացքում քննարկում են արևմտահայերենն ավելի լայն ծրագրերով պահպանելու, ժամանակակից կապի միջոցներ օգտագործելու և  սփյուռքի նոր սերնդի շրջանում արևմտախոսություն տարածելու նոր հնարավորությունները:

Ինչպես «Արևելքի» հետ հարցազրույցում նշեց համաժողովի համակազմակերպիչ, Օքսֆորդի համալսարանի դասախոս Հրաչ Չիլինկիրյանը, առաջին անգամ  Եւրոպայի նշանավոր ու հնագույն համալսարաններից մեկում կազմակերպվում է արևմտահայերենին նվիրված համաժողով, որի բոլոր զեկույցներն ու քննարկումներն ընթանում են արևմտահայերենով: Ըստ կազմակերպիչների, արևմտահայերենի պահպանմանը նվիրված համաժողովները լինելու են շարունակական: Օքսֆորդի համաժողովն ընթանում է դասական համաժողովների ձևաչափից դուրս, ինչը հնարավորություն է տալիս ավելի գործնական միջավայրում քննարկել հարցերը: