Հոկտեմբերի 29-ին, 30-ին, 31-ին և նոյեմբերի 1-ին «Բեյրութի Ֆորում դը Բեյրութ» սրահում տեղի ունեցան Գյումրիի ԳՈՀԱՐ երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի աննախադեպ համերգները, որոնցից յուրաքանչյուրին ներկա է եղել 2250 հանդիսատես: Այդ մասին տեղեկացրին ԳՈՀԱՐ-ի ղեկավարությունից, նշելով, որ ինչպես բոլոր համերգներին, այս անգամ նույնպես գործի է դրվել տեսա-լսողական գերարդիական տեխնիկա, ինչն ավելի տպավորիչ է դարձրել համերգները: ԳՈՀԱՐ-ի բեյրության վերջին համերգները, որ ընթացել են «100 տարի ցեղասպանությունից վերապրած, 100 երգով վերածնված» նշանաբանով, ուղիղ եթեր են հեռարձակվել Հ1-ով, հասանելի են եղել նաև համացանցում:
«ԳՈՀԱՐ-ը` սատար հայոց այբուբենին, կրթությանն ու մշակույթին» սկզբունքին հաատարիմ, երաժշտական համույթի ղեկավարությունը որոշել է համերգներից ստացված ողջ հասույթը, ինչպես միշտ, ուղղել հայ աշակերտների` հայեցի կրթության իրավունքի գործադրմանը: Ինչպես տեղեկացնում են համույթից, 2015-2016 ուսումնական տարվա համար ԳՈՀԱՐ-ի ղեկավարությունը $260,000 է տրամադրել 100 կարիքավոր հայ աշակերտի կրթության ծախսերն ամբողջացնելու համար: