image

Դիարբեքիրում թուրք ոստիկանները թալանել են հայ կաթոլիկ եկեղեցին

Դիարբեքիրում թուրք ոստիկանները թալանել են հայ կաթոլիկ եկեղեցին

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր շրջանում գտնվող հայ կաթոլիկ եկեղեցին, տարածքում հայտարարված պարետային ժամի ընթացքում, դարձել է թուրք ոստիկանների հարձակման թիրախ: Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է «Դիջլե» լրատվական գործակալությունը:

Աղբյուրի համաձայն` Հասըրլը թաղամասում գտնվող  հազարամյա եկեղեցին մեծապես տուժել է: Ոստիկանները, սակայն, չեն բավարարվել միայն եկեղեցու վրա  հարձակմամբ. նրանք գողացել են այնտեղ գտնվող որոշ պատմական իրեր:

Միջագետքի հայերի միության նախագահ Արաթ Քարագյոզյանը գործակալությանը հայտնել է, որ հայերը պատրաստվում են այս փաստի առնչությամբ դատական գործ հարուցել:  Նա նշել է, թե եկեղեցին կրել է մոտ 300 հազար թուրքական լիրա գումարի չափով վնաս:

Քարագյոզյանը նաև ասել է. «Ոստիկանությունը եկեղեցի է մտել` կոտրելով այստեղի պատմական դռները: Ակնհայտ է, որ մեծ հարձակում է գործվել եկեղեցու վրա: Գողացվել են հախճապակու վրա արված մեր 6 պատմական նկարները, ինչպես նաև` մեր պահեստում գտնվող փորագրված պատմական քարերը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սուրի շրջանում ոստիկանների եւ ՊԿԿ-ի անդամների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով տուժել էր նաև Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին: