«100 LIVES» նախաձեռնության համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը եւ Վարդան Գրեգորյանը բաց նամակով դիմել են Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին՝ միանալով Մարդասիրության համաշխարհային օրվա կապակցությամբ մեկնարկած ՄԱԿ-ի քարոզարշավին.
«Խորին հարգանքով ու երախտագիտությամբ միանում ենք Ձեզ` Մարդասիրության համաշխարհային օրվա առիթով հարգանքի տուրք մատուցելու և ոգեկոչելու այն մարդասերների հիշատակը, ովքեր իրենց կյանքը զոհեցին աշխատանքային պարտականություններն իրականացնելիս։
Երեքիս համար այս օրվա խորհուրդը խիստ անձնական է։ Որպես հայ` մենք անչափ շնորհակալ ենք այն անհատներին, ում հերոսական գործողությունները կյանքեր են փրկել Հայոց ցեղասպանության ժամանակ։ Նրանց, ինչպես և ՄԱԿ-ի Հատուկ ներկայացուցիչ Սերխիո Վիեիրա դե Մելոյի խիզախ ժառանգությունը հրաշալի խթան է հանդիսացել շատերի համար՝ մարդասիրության ոլորտում աշխատելու և ոգեշնչել է մեզ՝ ճանաչելու այն զոհողությունները, որոնց շատերը դիմել են՝ կյանքեր փրկելու համար։
Պարտականության ու գնահատանքի խորը զգացումից ելնելով՝ մենք հիմնադրեցինք «100 LIVES» նախաձեռնությունը՝ հիշելու ու արժանին մատուցելու այն անհատներին, որոնց անձնուրաց գործողությունները կյանքեր փրկեցին 100 տարի առաջ։ Այս նախաձեռնությունը ձգտում է կիսվել թե՛ փրկողների, և թե՛ փրկվածների ուշագրավ պատմություններով, ինչպես նաև արժանին մատուցել մարդկային ոգու տոկունությանը։
Որպես նախաձեռնության մաս՝ մենք ստեղծել ենք համաշխարհային նոր՝ Մարդկության զարթոնքի «Ավրորա» մրցանակը, որը յուրաքանչյուր տարի կշնորհվի այն մարդասերներին, ովքեր իրենց կյանքը վտանգի են ենթարկել՝ ուրիշներին գոյատևելու ու բարգավաճելու հնարավորություն ընձեռելու համար։ Մրցանակակիրը կստանա 100 000 ԱՄՆ դոլարի չափով դրամական պարգև, ինչպես նաև 1 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ կտրվի այն բարեգործական կազմակերպությանը, որը ոգեշնչել է նրան՝ կատարել այդ արարքը:
Այս տարի, Մարդասիրության համաշխարհային օրվան նվիրված ՄԱԿ-ի քարոզարշավը լույս է սփռում ամբողջ աշխարհի մարդասիրական արարքների վրա և ներկայացնում է Մարդասիրական անվեհեր Հերոսներին։ «Ավրորա» մրցանակի միջոցով մենք նույն գործն ենք իրականացնում։ Մենք ցանկանում ենք ճանաչման արժանացնել այն անհատներին, ովքեր ամբողջ աշխարհում կյանքեր փրկելու քայլեր են ձեռնարկել, հաճախ՝ դժվարին ու վտանգավոր պայմաններում։ Մենք հրավիրում ենք հանրությանը www.100Lives.com/Prize առցանց պորտալի միջոցով մասնակցելու խրախուսանքի արժանի թեկնածությունների առաջադրման գործընթացին։