image
Հրատապ լուրեր:

«Վերականգնուած ցուցանմուշի պատմութիւն»․ ցուցադրուած է Սերկէյ Փարաջանովի հովանոցը

«Վերականգնուած ցուցանմուշի պատմութիւն»․ ցուցադրուած է Սերկէյ Փարաջանովի հովանոցը

Հայաստանի ազգային պատկերասրահը կը շարունակէ «Վերականգնուած ցուցանմուշի պատմութիւն» նախագիծը, որու ծիրէն ներս ներկայացուած է շարժապատկերի աշխարհի ամենաինքնատիպ եւ առեղծուածային կերպարներէն մէկուն՝ Սերկէյ Փարաջանովի սիրելի հովանոցի վերականգնման պատմութիւնը։

Կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ մարզանքի նախարարութենէն տեղեկացուցած են, որ ցուցադրութեան բացման ներկայ եղած են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրետ Քոչարեան, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրէն, նախագիծի ղեկավար եւ ցուցահանդէսի համադրող Մարինա Յակոբեան եւ փարաջանովեան արուեստի երկրպագուներ:

«Նախարարի տեղակալը շրջել է ցուցասրահում, ծանօթացել ներկայացրած ցուցանմուշին եւ դրա վերականգնման պատմութեանը։ Էքսպոզիցիոն (ցուցահանդէս) առաջին սրահը վերարտադրում է վերականգնման արուեստանոցի մի անկիւն՝ կիրառուած գործիքներով ու նիւթերով։ Երկրորդ սրահում ցուցադրւում են վերականգնուած հովանոցը, ինչպէս նաեւ զարդանախշերն ու դետալները (մանրամասնութիւն) վերարտադրող անիմացիան (գծանկարային ժապաւէն) (հեղինակ՝ Աշոտ Մարաբեան, անիմացիա՝ Նարեկ Նազարեան): Ցուցահանդէսն ունի նաեւ ինտերակտիվ (գործնական) բաժին, որտեղ այցելուները կարող են ստեղծել «փարաջանովեան» հովանոցի իրենց տարբերակը՝ կոլաժային կամ նկարազարդ։

 Փարաջանովը սիրում էր ամէն տեսակի հնութիւն․ պաճուճազարդ գլխարկներն ու հովանոցները, տիկնիկներն ու կենցաղային այլազան իրերը նա հաւաքում, վերափոխում, վերածում էր արուեստի գործերի։ Նրա կեանքի եւ ստեղծագործութեան խորհրդանշական «հերոսներից» մէկն էլ հովանոցն էր, որի հետ կապուած՝ արուեստագէտն այսպիսի գրառում ունի. «Ես ապրում եմ Թիֆլիսում՝ իմ ծնողների հին տանը, եւ երբ անձրեւ է գալիս, ես քնում եմ հովանոցով եւ երջանիկ եմ, որովհետեւ դա նման է Տարկովսկու ֆիլմերին»։

2022 թուականին անմխիթար վիճակում գտնուող թայլանտական նրբագեղ հովանոցը Սերգեյ Փարաջանովի թանգարանից յանձնուել է Ազգային պատկերասրահին։ Մասնագէտների կողմից կատարուած փուլային բարդ վերականգնումից յետոյ Փարաջանովի հովանոցը ներկայացւում է այցելուին։ Զուգահեռաբար ցուցադրւում են վերականգնման երկարատեւ ընթացքը ներկայացնող ամփոփ տեսանիւթն ու աշխատանքային լուսանկարները։ Ներկայացուած են նաեւ թեմատիկ ցուցանմուշներ, ռեժիսոր Նաիրա Մուրադեանի «Քարմեն» անիմացիոն ֆիլմը, հատուած ռեժիսոր Պատրիկ Կազալսի «Ըմբոստ Փարաջանովը» վաւերագրական ֆիլմից, ինչպէս նաեւ պատմական-գեղարուեստական կարեւոր արժէք ունեցող լուսանկարներ Սերգեյ Փարաջանովի թանգարանի հաւաքածուից: Ներկայացուած են նաեւ Սերգեյ Մեչիտովի հեղինակային լուսանկարները»,- ըսուած է հաղորդագրութեան մէջ։