image

Վարչապետ Քաջազնունին նաև շեքսպիրագետ է եղել. վերահրատարակվել է նրա «Ազգ և հայրենիք»-ը

Վարչապետ Քաջազնունին նաև շեքսպիրագետ է եղել. վերահրատարակվել է նրա «Ազգ և հայրենիք»-ը

Այսօր «Արտ Բրիջ»  սրճարան-գրախանութում տեղի ունեցավ Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ  կենտրոնի հրատարակած «Ազգ և հայրենիք» գրքի երևանյան շնորհանդեսը: Գիրքը Հայաստանի Ա հանրապետության վարչապետերից Հովհաննես Քաջազնունու հայտնի աշխատությունն է, որ տարբեր տարիների հրատարակվել է Հայաստանում և սփյուռքում: Գրքի վերահրատարակության մասին խոսելով՝ լրագրող, հրապարախոս, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի հիմնադիր Թաթուլ Հակոբյանը նշեց, որ Քաջազնունին հայ քաղաքական մտքի պատմության մեջ բացառիկ տեղ ունի, սակայն թե՛ որպես պետական-քաղաքական գործիչ, թե՛ որպես գրող ու մտածող, ցավոք, Քաջազնունին ըստ արժանվույն գնահատված չէ ո՛չ Սփյուռքում, ո՛չ Հայաստանում: «Վերահրատարակելով նրա աշխատությունները, ԱՆԻ կենտրոնն իր համեստ լուման է ներդնում այս խոշոր անհատականությանը ժամանակակիցներին ծանոթացնելու համար»:

Շնորհանդեսի ժամանակ նա խոսեց ինչպես «Ազգ և հայրենիք»-ի, այնպես էլ ԱՆԻ կենտրոնի տպագրած մյուս գրքերի մասին, որոնք պատմության վրա լույս սփռելու նպատակ ունեն: Թաթուլ Հակոբյանը նշեց, որ շարունակելու է հրատարակչական գործունությունը, և շուտով լույս կտեսնի Հայաստանի մեկ այլ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի  «Հայաստանի Ա  հանրապետության ծագումն ու զարգացումը» գիրքը, որը Հայաստանում երբեք չի հրատարակվել, և այն նվեր կլինի ոչ միայն ընթերցողին, Խատիսյան հեղինակին, այլ նաև՝ Հայաստանի Ա  հանրապետության 100-ամյակին:

Խոսելով Հովհաննես Քաջազնունի պետական, կուսակցական, ազգային գործչի մասին, Թաթուլ Հակոբյանն ասաց, որ նա նաև լավ շեքսպիրագետ է եղել, կատարել է թարգմանություններ Շեքսպիրից, ինչպես նաև զբաղվել է քրդական բանահյուսությամբ: Դե, իսկ նրա նշանավոր վերարկուի պատմությունը  բոլորին է ծանոթ, ինչը  պետական մտածողություն ունեցող մարդուն է բնութագրում:

Ցավոք, Քաջազնունու երեխաներից ոչ մի ժառանգ չի մնացել, նրա երեք տղաները զոհվել են տարբեր ճակատամարտերում, իսկ մեկը՝ Երևանում 1950-ականներին դժբախտ պատահարի զոհ է դարձել: Քաջազնունին ունեցել է նաև երկու դուստր:

Հովհաննես Քաջազնունին հուղարկավորված  է ներկայիս Ազգային ժողովի տարածքում՝ Կոզեռնի գերեզմանոցում: