image

Տոլարը կ՚արժեզրկուի Հայաստանի մէջ. Պատճա՞ռը

Տոլարը կ՚արժեզրկուի  Հայաստանի մէջ. Պատճա՞ռը

Տոլարի նկատմամբ այսօր նկատուող դրամի արժեւորումը մեծապէս պայմանաւորուած է առարկայական պատճառներով, թէեւ առկայ է նաեւ ենթակայական գործօն: Այս մասին ըսաւ ՀՀ ԱԺ նախկին պատգամաւոր, տնտեսագէտ Վարդան Բոստանճեանը:

«Ռուսաստանի դէմ բազմաթիւ պատժամիջոցների պայմաններում արտարժոյթով աշխատող տնտեսվարողները փնտռում են վայրեր, որտեղ կարող են իրացնել իրենց կուտակած արժոյթը: Հայաստանը դարձել եւ մնում է այս վայրերից մէկը», ըսաւ ան:

Բոստանճեանի խօսքով` տոլարի ներկայիս արժեզրկումը հայկական դրամի նկատմամբ կապուած է վերը նկարագրուած պատճառին հետ:

«Քանի որ դեռեւս նշաններ չկան, որ ներկայիս իրավիճակը չի շարունակուի (Ռուսաստանի եւ Արեւմուտքի առճակատումը), ապա հայկական դրամի հետ կապուած գործընթացները կը շարունակուեն:

Ֆինանսական հաստատութիւնները, այդ թւում` ՀՀ Կեդրոնական դրամատունը, առաւելագոյնս օգտագործում են իրենց գործիքները` տնտեսվարողների վրայ արժոյթի տատանումների բացասական ազդեցութիւնը մեղմելու համար, սակայն այդ գործիքների կիրառումն ունի սահմաններ, որոնցից այն կողմ նրանք սկսում են կորցնել իրենց բարձր արդիւնաւէտութիւնը:

Այդ դէպքում աջակցութիւնը պէտք է լինի տնտեսական քաղաքականութեան արդիւնաւէտութեան բարձրացումը: Խնդիրը չի լուծւում արտահանմամբ կամ ներմուծմամբ, այն լուծւում է կարգաւորման մակարդակի բարձրացմամբ, պետութիւն-առեւտրային յարաբերութիւնների յստակեցմամբ», յաւելեց տնտեսագէտը:

Ինչ կը վերաբերի դրամի արժեւորման, ապա այն կրնայ տարբեր ազդեցութիւն ունենալ` կախուած գործունէութեան տեսակէն` ոմանց համար այդ վտանգ է, ոմանց համար` հնարաւորութիւն:

«Ընդհանուր առմամբ, մեր երկրի համար դա այնքան էլ վատ չէ, բայց առանձին տնտեսվարողների համար` միջոցների առկայութեան, արտադրուած ապրանքների որակի կամ մատուցուող ծառայութիւնների առումով, կարող են որոշ հարցեր առաջանալ: Բայց ընդհանուր առմամբ արտահանողները կը յայտնուեն աւելի շահեկան վիճակում, քան ներածողները: 

Այս ճնշումը կարելի է մեղմել Հայաստանի ներսում աւելի արդիւնաւէտ տնտեսական քաղաքականութիւն վարելով, բայց աշխարհում գործընթացներն այնպէս են ընթանում, որ այս կամ այն կերպ գնաճային ճնշում է գործադրւում բոլոր երկրների վրայ», եզրափակեց Բոստանճեանը:

Նշենք, որ երեք ամսուան մէջ տոլարի փոխարժէքը հայկական դրամի նկատմամբ նուազած է գրեթէ 20 տոկոսով: Եթէ Մարտ 14-ին դոլարի փոխարժէքը կը կազմէր 514,97 դրամ, ապա Յունիս 13-ին 1 տոլարը արժէ արդէն 418,64 դրամ: