Մինչ այս, մեր բոլոր ներքին պայքարներով, զարգացումներով, դժգոհութիւններով ու խնդիրներով հանդերձ, մենք համարուում էինք «տղամարդ» պետութիւն՝ վստահ, որ մեր անվտանգութիւնը կասկածի տակ չէ: Եւ հենց այդ բաղադրիչի շնորհիւ մենք կարողանում էինք օգտուել նաեւ այլ պետութիւնների յարգանքից ու օժանդակութիւնից:
Այս պայմաններում ամենաանհասկանալին Զինուած ուժերի ղեկավարութեան պահուածքն է, որը խայտառակում ու ոչնչացնում է մեր բանակի ու պետութեան հեղինակութիւնը: Կայ մի պարզ կանոն. նա, ով անընդհատ ետ է նահանջում՝ խուսափելով ընդհարումից, ստանում է մեծ պատերազմ՝ աւելի անբարենպաստ վիճակում:
1. ՀՀ Զինուած ուժերը պէտք է ամբողջութեամբ իրենց ձեռքը վերցնեն երկրի պաշտպանութիւնը: Վախենալով այսօր պատասխանատուութիւն վերցնել երկրի պաշտպանութեան հարցում՝ վաղը կրելու էք աւելի մեծ պատասխանատուութիւն պետութեան եւ ժողովրդի առջեւ՝ այս կարեւոր պահին պատասխանատուութիւն չստանձնելու համար:
2. Կոչ եմ անում ընտրութիւններին մասնակցող կուսակցութիւններին ու դաշինքներին՝ յայտարարել, որ իշխանութեան գալուց յետոյ չեղեալ են համարուելու Փաշինեանի ու Ալիեւի բոլոր գրաւոր, բանաւոր, յայտնի ու գաղտնի պայմանաւորուածութիւնները, որոնք վերաբերում են մեր անվտանգութեանն ու տարածքներին՝ համարելով դրանք անօրինական:
3. Առաջարկում եմ, որպէսզի ընտրութիւններին մասնակցող եւ չմասնակցող բոլոր ուժերը հրատապ համախմբուեն՝ փորձելով փոխել վարչապետի պաշտօնակատարին, ինչը կապահովի.
• Փաշինեանի անօրինական պայմանաւորուածութիւնների չեղարկումը՝ զրկելով Ատրպէյճանին իր ագրեսիան այդ պայմանաւորուածութիւններով ու խոստումներով արդարացնելուց,
• Յունիսի 20-ին քիչ թէ շատ արդար ընտրութիւնների անցկացումը: