image

Պետախ Տիկվայի հայ երեխաները տոնեցին Նոր տարին

Պետախ Տիկվայի հայ երեխաները տոնեցին Նոր տարին

Իսրայել-Արդեն շուրջ երկու տասնամյակ Պետախ Տիկվայում գործող հայկական համայնքը շարունակում է իր բեղմնավոր աշխատանքը: Քաղաքապետարանի «Բեյտ Օլեյի» դահլիճում հերթական անգամ հայ աշակերտներն ու իրենց ծնողները մեծ ցնծությամբ ընդունեցին Ձմեռ պապիին, որ ներկայացել էր համայնքին՝ իր ուշագրավ ծրագրով: Մեկ ժամ հայ աշակերտներն արտասանում էին, պարում ու զանազան խաղեր խաղում Ձմեռ պապիկի հետ միասին:

Երեխաներից մեկը կատակեց թե.

– Անցյալ տարվա Ձմեռ պապն ավելի լավն էր, առանց երգել պարելու մեզ նվերներ բաժանեց: Այս անգամ Ձմեռ պապն ավելի պահանջկոտ դուրս եկավ:

Դե իհարկե առանց արտասանելու ու տարեվերջյան «ստուգարքը» չընդունելու մեր Ձմեռ պապը շուտ հանձնվողներից չէր:

Ցավոք սրտի գրիպի համաճարակի պատճառով դասարանի երեխաների կեսը ներկա չէր, բայց դպրոցի ուսուցչուհին խոստացավ Ձմեռ պապին, որ անպայման իր բերած նվերները կփոխանցի  հայ երեխաներին:

Անցյալ տարվա սեպտեմբերից հայկական կիրակնօրյա դպրոցը կրկին բացել էր իր հյուրընկալ դռները: 25 աշակերտ ունեցող փոքրերի խումբը դեռ մեսրոպյան այբուբենին ծանոթանալու ճանապարհին է, իսկ մեծերի խումբը նախկինում ուներ 4 աշակերտ, իսկ այժմ երեխաները տառաճանաչ են ու նրանց համար տարբեր թեմաներով քննարկումների ժամանակ դասեր են կազմակերպվում: 

Նախորդ տարիներին Հայաստանի Սփյուռքի նախարարության աջակցությամբ դպրոցը միշտ ստացել է հայկական այբբենարաններ ու դասավանդման մեթոդաբանական ձեռնարկներ: Սփյուռքի նախարարության լուծարումից հետո դպրոցը համագործակցում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ: Նախարարության լուծարումը չխանգարեց շարունակել համագործակցությունը հայկական իշխանությունների հետ, ու նախարարության կրթության վարչությունը տրամադրել է պահանջված գրականություն, որն ամբողջությամբ ներկրվել է Իսրայել:

Անցյալ տարի բարձր դասարանի ու տառաճանաչ երեխաների գիտելիքները խորացնելու նպատակով, դպրոցը դիմել է կառավարությանն ու սպասում է 2023թ-ի նոր ուսումնական ձեռնարկներին ու դասագրքերին:

 

Արտյոմ Չերնամորյան/ Պետախ Տիկվայի հայերի «Նաիրի» միության կայքէջ