image

«Middle East Airlines»-ի հայ օդաչուն ստացել է հրամանատարական Չորրորդ ոսկեգույն շերտագիծը

«Middle East Airlines»-ի հայ օդաչուն ստացել է հրամանատարական  Չորրորդ ոսկեգույն շերտագիծը

Լիբանանահայ մեր հայրենակից,  «Middle East Airlines»  միջազգային ավիաընկերության  օդաչու,  թռիչքային անձնակազմի հրամանատար Հակոբ Նիկոլյանը ստացել է հրամանատարական բարձրագույն ուսադիրը՝ Չորրորդ ոսկեգույն շերտագիծը:  

Տասը տարվա օդաչուական փայլուն փորձառությունից հետո տրված այս կոչման առթիվ Հակոբ Նիկոլյանին շնորհավորել են «Middle East Airlines»  ավիաընկերության  նրա գործընկերները և բազմաթիվ հայեր՝ սոցցանցերում: Հայ օդաչուն շնորհակալություն է հայտնել, նշելով, որ իր հաջողությունների համար պարտական է ընտանիքին, գործընկերներին և առհասարակ՝ ընկերներին, որոնք միշտ հպարտացել են իր առաջխաղացմամբ: 

Ավելի վաղ, «Արեւելքին» տված հարցազրույցում Հակոբ Նիկոլյանն ասել էր. «Երբ առաջին անգամ Airbus-ի օդանավ քշեցի, անհանգստությունս ու վախս շատ էին, որովհետև կյանքում առաջին անգամ նման մեծ պատասխանատվություն էի ստանձնում, սակայն, միևնույն ժամանակ, ուրախ էի: Վախ էր՝ ուրախությամբ լեցուն: Չեմ կարծում՝ կա այնպիսի բառ, որը կարող է ճիշտ նկարագրել երկնքում սավառնելու զգացողությունները»: 

 

Հակոբ Նիկոլյանը ծնվել է Լիբանանում, սովորել է Լիբանանի «Մելանքթոն և Հայկ Արսլանյան» ճեմարանում, փոքր տարիքից երազել է օդաչու դառնալու մասին, օդաչուական արհեստավարժ կրթություն է ստացել Իսպանիայում:  Աշխատում է լավագույն ավիաընկերությունների տասնյակի մեջ մտնող  «Middle East Airlines»-ում, որ  Լիբանանի ազգային ավիաընկերությունն է: 

Հակոբ Նիկոլյանը վստահ  է, որ օդաչու դառնալու ամենակարևոր պայմանը երկինքն ու աշխատանքը սիրելն է: 

«Օդաչու դառնալը դժվար չէ, առավել դժվար է օդաչուի կյանքով ապրելը: Դրա համար պետք է շատ սիրել այս գործը՝ իր բոլոր դժվարություններով ու վտանգներով  հանդերձ»,-2017-ին «Արեւելքին» տված հարցազրույցում ասել է նա: 



 


 


 

 

Ամուսնության առաջարկություն հայուհուն՝ օդանավի թևերին, 2018 թ.