Վտա՞նգ: Հայ սիրտը իր վառած սեմաֆորը պետք է բարձրացնէ քանդւած կամուրջի առջեւ: Ամէն բան ներելի է: Ամէն բան հասկանալի, բայց մի ազգ, որ ուզում է ապրել, պետք չէ քաղաքակրթական յետընկած գավառ դառնայ: Ոչ կապիկ, ոչ կով: Ոչ մտաւոր մուրացիկ եւ ոչ ներսը ծռւած հայելի: Ու ոչ թէ յանուն անցեալին. այսինքն՝ պատմական մակաբույծ ինքնասիրութեան, այլ յանուն ներկային:
Մեր իրականութիւնը հասած նռան նման պատրաստ է ճայթելու: Մեր հողը յղի է: Թափած արիւնների շոգիացումը ակներեւ է: Մեր իսկ կամքի հակառակ, մոմը դեռ վառ է:
Վառ է փլատակների տակ կորած սեղանների վրայ, վառ է սրտերի մեջ, վառ է այն իրականութեան մեջ, որ քառասուն դարերից ի վեր լուսաւորում է տիեզերքը անյայտ մի լոյսով:
Սին երա՞զ, պատրա՞նք: Թող լինի երազ, բայց մեր երազը, թող լինի սխալ, բայց մեր սխալը: Որովհետեւ ի՞նչ պետք է անենք վաղը երբ յանկարծ համոզւենք, որ մերը եւս երազ էր ու ուրիշի երազ, սխալ էր եւ ուրիշի սխալ:
Ոչ կապիկ, ոչ կով:
Կոստան Զարեան