Անդրադառնալով ընտրութիւններու արդիւնքներուն, Վանեցեանն ըսած է. «Որ ասեմ սպասելի էին արդիւնքները, ոչ: Բայց ունենք, այն, ինչ ունենք: Վերջին 2-3 օրերի ընթացքում մենք բազմիցս բարձրաձայնել ենք, որ մեր դաշինքի ակտիվիստների, շտապների աշխատակիցների նկատմամբ սկսել է ուղղակի տեռոր (ահաբեկչութիւն): Դա նպատակ է ունեցել նուազեցնել մեզ տրուող ձայների քանակը, առհասարակ ստանալ մի իրավիճակ, որ ընդդիմութիւնն ստանայ քիչ քուէ: Բոլոր այդ դէպքերի հետ կապուած մեր իրաւաբանները ուսումնասիրութիւններ են իրականացնում եւ ըստ անհրաժեշտութեան կը դիմենք դատարաններ»:
Հարցին, թէ իրենք պիտի վերցնե՞ն մանդատները, Վանեցեանը պատասխանած է. «Եթէ որոշում կայացուի, որ Դաշինքը ի վերջոյ գնում է խորհրդարան, միանշանակ, ես իմ թիմին (խումբ) չեմ թողնի մենակ, գնալու եմ խորհրդարան եւ շարունակելու ենք մեր պայքարը խորհրդարանում: Ցաւօք սրտի մանդատներ չվերցնելը որեւէ իրաւական հետեւանք չի առաջացնում խորհրդարանի գործունէութեան համար: Այսինքն եթէ մենք չենք վերցնում մանդատները, խորհրդարանը շարունակում է գործել»: