image
Հրատապ լուրեր:

Մահացել է մեծանուն գրող Ռազմիկ Դավոյանը

Մահացել է մեծանուն գրող Ռազմիկ Դավոյանը

Այսօր մահացել է հայ մեծ բանաստեղծ, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը: Նրա մահվան լուրը լրատվամիջոցներին հայտնել է ընտանիքը: Գրողը մահացել է Երեւանում, նա վատառողջ էր: 

Ռազմիկ Դավոյանն այս տարի կդառնար 82 տարեկան: 

Ռազմիկ Դավոյանը ծնվել է 1940 թվականի հուլիսի  3-ին  Սպիտակի  շրջանի  Մեծ  Պարնի  գյուղում:  Տարրական  կրթությունն  ստացել է տեղի դպրոցում։ 1949-ին  ընտանիքի հետ տեղափոխվել  է  Գյումրի  /Լենինական/,  ուր  ավարտել  է  միջնակարգ  դպրոցը  և  տեղի  բժշկական  ուսումնարանը:  1964-ին  ավարտել  է  Երևանի  Խ.  Աբովյանի  անվան  Հայկական  պետական  մանկավարժական  ինստիտուտի  պատմալեզվագրական  ֆակուլտետը: Ուսանելուն  զուգընթաց աշխատել  է  «Գիտություն  և  տեխնիկա»  ամսագրի  հիմնադիր  խմբագրությունում,  զուգահեռ՝  նաև  «Գրական  թերթի»  խմբագրությունում՝  որպես  սրբագրիչ: 1965-ից վարել  է  «Գրական  թերթի»  պոեզիայի  և  արձակի  բաժինը: 1970 թ.  աշխատել  է  Սփյուռքահայության  հետ  մշակութային  կապի  կոմիտեում՝  որպես  ավագ  խորհրդական:  1975-1990 թթ. եղել  է  Հայաստանի  պետական  մրցանակների  կոմիտեի պատասխանատու  քարտուղարը: 1989 թ.նշանակվել է  Հայաստանի  Գերագույն  խորհրդի  Աղետի  գոտու  հանձնաժողովի  նախագահի  առաջին  տեղակալ։ 1991-1999 թթ.  եղել է Համազգային հայ կրթական և մշակութային միության՝ Հայաստանի   վարչության  նախագահը։ 1994-1996 թթ.  ընտրվել է Հայաստանի  Գրողների  միության  վարչության  նախագահ: 1999-2003 թթ.՝ Հայաստանի  Հանրապետության  նախագահի  խորհրդական: 2005-2007 թթ.՝  «Երևան»  վավերագրական  ֆիլմերի  ստուդիայի  տնօրեն: 2007-2018 թթ.՝  «Հ1» հեռուստաալիքի  տնօրենի  խորհրդական:

Դավոյան ավելի քան 40 ժողովածուի և գրքերի հեղինակ է, այդ թվում՝  ռուսերեն, չեխերեն և անգլերեն լեզուներով։ Նրա ստեղծագործությունները տպագրվել են իտալական, ֆրանսիական,  հարավսլավական, իրանական, չինական և ամերիկյան պարբերականներում։ Ռազմիկ Դավոյանի կյանքին ու գործին անդրադարձել են  «Լիտերատուրնայա Գազետա», ֆրանսիական «Ֆիգարո», բրիտանական «Թայմզ» և «Ուասաֆիրի» պարբերականները։