image

Կյանքից հեռացել է «Տիգրանակերտի հայ պատմիչը»

Կյանքից հեռացել է «Տիգրանակերտի հայ պատմիչը»

84 տարեկանում մահացել է հայ գյուղագրության վերջին ներկայացուցիչներից մեկը՝ տիգրանակերտցի նշանավոր գրող, պատմաբան Մկրտիչ Մարկոսյանը: Նրա մահվան լուրը հաղորդել է Թուրքիայի «Արաս»  հրատարակչությունը, նշելով, որ Մարկոսյանը «Արասի» հիմնադիրն է եղել՝ «գրչի մեծ վարպետ, որ Հակոբ Մնձուրիից ստացած ժառանգությունն արժեւորեց մեծապես»: 

Մկրտիչ Մարկոսյանը ծնվել է 1938 թվականին՝ Դիարբեքիրի Հանչեփեք թաղամասում, որ կոչվում էր «Գյավուրի թաղ»: Հետագայում նրա գրած գրքերից ամենահայտնին հենց այդ խորագիրն էլ կրել է եւ տպագրվել հայերեն, թուրքերեն, քրդերեն:

 

 

Մկրտիչ Մարկոսյանը հայաշխարհի մասին գրում էր թուրքերենով, սակայն նրա գործերը տարբեր ժամանակներում թարգմանվել են հայերեն, անգլերեն, քրդերեն եւ այլ լեզուներով:  Կրթությունն ստացել է Սուլեյման Նազիֆ նախակրթարանում, Զիա Գյոքալփի անվան միջնակարգ դպրոցում, այնուհետեւ Ստամբուլի Պեզճյան միջնակարգ դպրոցում եւ Կեդրոնական վարժարանում։ Ավարտել է Ստամբուլի համալսարանի Գրականության ֆակուլտետի փիլիսոփայության բաժինը։  1966-1972 թվականներին Սկյուտարի Սելամսըզում գտնվող Սուրբ Խաչ Դպրեվանքի հայկական վարժարանի տնօրենի պաշտոնը վարելու հետ մեկտեղ եղել է փիլիսոփայության, հոգեբանության, հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ։ Ուսուցչությունը թողնելով՝ հետագայում զբաղվել է առեւտրով։ Համարվում է հայ գյուղագրական գրականության ավանդույթների վերջին ներկայացուցիչներից մեկը։

Գրել սկսել է Կեդրոնական վարժարանում ուսանելու տարիներին։ 1959 թվականին Վարդգես Կարագյոզյանի հետ հրատարակել է «Թօ» ամսաթերթը: 

 

 

 

«Մարմարա» թերթում լույս տեսնող հայերեն պատմվածքների մի մասը 1984 թվականին լույս է տեսել «Մեր այդ կողմերը» վերնագրով գրքում։ 1988 թվականին այն Փարիզում արժանացել է «Էլիզ Քավուքչույան» գրական մրցանակին, որը տրվում էր հայերենով ստեղծագործող գրողներին։ Հրատարակվել են նաեւ «Գյավուրի թաղ» (1992), «Ասա՛, Մարկո՛ս, որտեղացի՞ ես» (1995), «Մեր տոմսը հատեց Ստամբուլը» (1998) թուրքերեն գրքերը, որոնց հրատարակությունից հետո՝ 1999 թվականին, հաջորդել է երկրորդ հայերեն՝ «Տիգրիսի ափերեն» գիրքը։ «Գյավուրի թաղ»-ը «Ավեստա» հրատարակչության կողմից «Li Ba Me, Li Wan Deran: Taxa Filla» («Մեր այն կողմերը») վերնագրով քրդերեն է թարգմանվել 1999 թվականին։

 

 

2006 թվականին թուրքերենով գրված «Համրիչի հատիկներ» հուշապատումը տարբեր թերթերում լույս տեսած հոդվածներից «Արաս» հրատարակչության կողմից գրքի վերածված երեք հատընտիրներն են` «Զուռնա» (2009, «Ակօս» թերթում լույս տեսած հոդվածներ), «Ատամնափորիչ» (2010, «Ենի Յուզյըլ» եւ «Գյունդեմ» թերթերի հոդվածներ) եւ «Կեռիկով ասեղ» (2010, «Էվրենսել» թերթի հոդվածներ)։

 

2016 թվականին լույս է տեսել գրողի՝ աշխարհի ստեղծման պատմությունը երգիծանքով ներկայացրած գիրքը՝ «Աստծո մատյանը»։

 

2018 թվականին ծննդյան 80-ամյակի առթիվ «Արաս» հրատարակչությունը հրատարակել է «Ֆըլլանամե» ժողովածուն, որը ներառում է գրողի գրած հինգ ստեղծագործությունները, ինչպես նաեւ Էմրե Զեյթինօղլուի նկարներն ու զեկուցումը, որոնց հիմքում ընկած են Մարկոսյանի պատմությունները։

Նրան անվանել են «Տիգրանակերտի պատմիչ»: