Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Հիսուս Քրիստոսի ընտրած 12 առաքյալների հիշատակի օրը: Հռոմի Պապի այցի երկրորդ օրը համընկել է առաքյալների հիշատակության տոնին: Քրիստոսի աշակերտները Քրիստոսի վարդապետության առաջին տարածողներն էին, հարուցյալ Քրիստոսի վկաները: Պետրոս, Անդրեաս, Հակոբոս, Հովհաննես, Մատթեոս, Բարդուղիմեոս, Փիլիպոս, Թովմաս, Թադեոս, Հակոբոս (Ալփյան), Շմավոն (Կանանացի) և Հուդա առաքյալներն էին նրանք, որոնցից վերջինը եղավ Հիսուսի մատնիչը: Հետագայում 12 առաքյալների շարքում Հուդայի փոխարեն ընտրվեց Մատաթիա առաքյալը: Հավատարիմ Հարուցյալ Հիսուսի վերջին պատգամին, առաքյալները Հիսուսի պատվիրանները քարոզեցին ու ուսուցանեցին տարբեր ազգերի, «մկրտեցին նրանց Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով»՝ այսպիսով դառնալով Քրիստոսի եկեղեցու հիմնադիրները: Քրիստոսի պատվիրանների ամենամեծ քարոզիչներից է Պողոս առաքյալը, որին քրիստոնյա եկեղեցին ճանաչում է իբրև 13-րդ առաքյալ: Առաքյալների գործունեությանն է նվիրված Աստվածաշնչի Գործք Առաքելոցը: Իսկ Պողոս առաքյալի քարոզչության, անձի ու գործունեության վավերագրեր են նաեւ Պողոս առաքյալի թղթերը, 14 նամակները, հաստատված եկեղեցական համայնքների ու անհատ քրիստոնյաների կողմից:
Հայ Առաքելական Եկեղեցին 12 առաքյալների և 13-րդ առաքյալ ճանաչված Պողոս առաքյալի հիշատակը նշում է միասնաբար Վարդավառից մեկ շաբաթ առաջ, Վարդավառի Բարեկենդանին նախորդող շաբաթ օրը: Հայ եկեղեցու տոնացույցում կան նաեւ առաքյալների հիշատակության առանձին տոներ: