image

Հայաստանը ՀԱՅԱՍՏԱՆ է, որից չի կարելի նեղանալ.Գերշ. Տ. Սերովբե Եպս. Իսախանյան

Հայաստանը ՀԱՅԱՍՏԱՆ է, որից չի կարելի նեղանալ.Գերշ. Տ. Սերովբե  Եպս. Իսախանյան

 Բոլորս պետք է լավ հասկանանք, որ չկա հայ ու հայություն, եթե չկա Հայաստան ու Հայաստանի Հանրապետություն, եթե չունենք պետություն ու պետականություն։ Մեր արմատը, ինքնությունը, լինելիությունը, աշխարհի որեւէ ծայրում որպես հայ ապրելը իմաստավորվում է միայն ու միայն Հայաստան պետության գոյությամբ։ 

 Գերմանիայում  Հայոց Թեմակալ Առաջնորդ  Գերշ. Տ. Սերովբե եպս. Իսախանյանի  դիմատետրի էջից ՝

 

Ես հոգեւորական եմ եւ իմ առաքելությունն է Աստծո ու Նրա Միածին Որդու քարոզությունը, մարդուն ասել ու միշտ հիշեցնելը, որ ինքը պատկերն է Աստծո։ Եւ որ դա միայն ինքը չէ, այլ բոլոր մարդիկ անխտիր` անկախ ազգից ու դավանանքից: Եւ քանի որ իմ քարոզության դաշտը հայ ժողովուրդն է, ուրեմն իմ քարոզն ու հորդորը առաջին հերթին բնականաբար ուղղված են հայ մարդուն:

Ես ուզում եմ, որ հայ մարդը հասկանա, որ ինքն իր կյանքի ու գործունեության ընթացքում Աստծո արարած լինելու, նույն հավատքին եւ ընդհանրապես նույն Եկեղեցուն պատկանելիության, խորհրդանշական բնութագրմամբ՝ «իր երակներում հոսող նույն արյան» գիտակցությամբ պետք է փոխհարաբերություններ հաստատի իր դիմացինի հետ: Այլ կերպ ասած՝ իր խոսքով ու գործով իրագործի տերունական պատվիրանը․ «սիրիր մերձավորիդ»: Եւ այդօրինակ փոխհարաբերությունների ընթացքում` ի խնդիր խաղաղության ու խուսափելու համար անիմաստ վեճ ու լարվածությունից, կարելի է անգամ «մյուս երեսը դարձնել», ներել, ներվել ու հաշտվել։

Գրածս բնականաբար վերաբերում է մարդկային անհատական փոխհարաբերություններին: Այստեղ խոսքը ազգերի ու ժողովուրդների փոխհարաբերությունների մասին չէ: Քրիստոնեությունը հլու-հնազանդություն չի քարոզում եւ կամ կամքի ու պայքարի թուլություն: Սա սխալ հասկացած ու սխալ ներկայացված քրիստոնեություն է եւ կապ չունի Հայ Եկեղեցու քարոզության հետ:

Հայ հոգեւորականը, ի պահանջել հարկին, խաղաղության սրտաբուխ աղոթքն ու մաղթանքը շուրթերին, օրհասական պահին չի խուսափել զենքն ի ձեռին հայ զինվորի հետ միասին պաշտպանել սահմանն ու հողը հայրենի։ Բոլորի համար հստակ պետք է լինի․ Քրիստոնյան իրավունք չունի «աչք ունենալ ուրիշի ունեցվածքի վրա» եւ անիրավ կերպով տիրանալ այն ամենին, ինչ ուրիշինն է` անհատական կամ հավաքական իմաստով: Բայց նա նաեւ իրավունք չունի սխալ հասկացված ու ներկայացված «քրիստոնեական հավատքի» պատճառաբանությամբ չպաշտպանել այն, ինչ իրենն է ու տրված է իրեն` դարձյալ անհատական ու հավաքական իմաստով:

Իսկ Հայրենիքը, բառի իրական իմաստով, այն է, որ տրված է ի վերուստ ու ընտրելի չէ, նվիրական է ու անսակարկելի, եւ հետեւաբար մենք բոլորս կոչված ենք, ի պահանջել հարկին, պահել ու պաշտպանել այն: Շատ ենք կորցրել աստվածապարգեւ մեր Հայրենիքից։ Դժբախտաբար չենք կարողացել աստվածային պատվերի համաձայն «նրան տիրել ու տիրութիւն անել», եւ այն այսօր ցավոք դարձել մի ափաչափ հող․ «Փոքրիկ՝ ինչպես ծերացած մայր, փոքրիկ՝ ինչպես նորածին զավակ, իսկ քարտեզի վրա՝ ընդամենը արցունքի մի կաթիլ…»։

Հիմա այս սերնդին է տրված պատիվը, պարտականությունն ու պատասխանատվությունը` պահել, պաշտպանել մեզ մնացած այդ ափաչափ հողը եւ փոխանցել հաջորդ սերունդներին:

Բոլորս պետք է լավ հասկանանք, որ չկա հայ ու հայություն, եթե չկա Հայաստան ու Հայաստանի Հանրապետություն, եթե չունենք պետություն ու պետականություն։ Մեր արմատը, ինքնությունը, լինելիությունը, աշխարհի որեւէ ծայրում որպես հայ ապրելը իմաստավորվում է միայն ու միայն Հայաստան պետության գոյությամբ։ 

Հայաստանը մեղք չունի, եթե մենք՝ նրա զավակները, երեկ ու այսօր շատ հաճախ երախտամոռ ենք եւ նրա հարգն ու արժեքը ամբողջովին չենք գիտակցում։ Հայաստանը մեղք չունի, եթե նրա իշխանավորները երեկ եւ այսօր երկրին ու պետությանը ծառայելու փոխարեն, երկիրն ու պետությունն են ծառայեցնում իրենց։ Հայաստանը ՀԱՅԱՍՏԱՆ է, որից չի կարելի նեղանալ։