image

Հայաստանում ծաղկել են դեղին ջրաշուշանները՝ ՀՀ Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ ծաղիկները

Հայաստանում ծաղկել են դեղին ջրաշուշանները՝ ՀՀ Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ ծաղիկները

Հայաստանի կարմիր գրքում գրանցված դեղին ջրաշուշանը՝ նույն ինքը նունուֆարը, ծաղկել է:

Հազվագյուտ այս ծաղիկը Հայաստանում հանդիպում է միայն Արփի լճում, որի տարածքն ազգային պարկ է հռչակվել՝ Ջավախք-Շիրակ բարձրավանդակի ուրույն կենսաբազմազանության պահպանման համար։ Այստեղ են գտնվում աշխարհում հայկական որորի ամենամեծ գաղութը եւ գանգրափետուր հավալուսնի միակ բնակավայրը Հայաստանում։

Տարածքում կան մոտ 670 տեսակի բույսեր (խոլորձ, թրաշուշան, հիրիկ, կակաչ, շուշան), որոնցից 25-ը ներառված են ՀՀ Կարմիր գրքում։ Դրանցից 22-ը էնդեմիկ տեսակներ են։ Պարկում կա կաթնասունների 30 տեսակ (եվրոպական ջրասամույր, խայտաքիս): 

 

Դեղին ջրաշուշանը (դեղին կոկոռը) հարսնամատազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս է: Ծաղիկները միայնակ են, ջրի մակերեսից մի փոքր բարձրացող։ Բույսն ունի հինգ դեղին բաժակաթերթ։ Պսակաթերթերը փոքր են, նեղ, երկարավուն, բազմաթիվ, աստիճանաբար առէջների փոխակերպվող եւ պարուրաձև դասավորված։

Այն համարվում է Արփի լճի գեղեցկուհին: Ամեն տարի այս եղանակին լիճը լցվում է բազմաթիվ դեղին ջրաշուշաններով, որոնք արգելված է քաղել: