Դաունի համախտանիշն ունեցող մարդկանց «արևային» են անվանում՝ դեմքը մշտապես լուսավորող ժպիտի շնորհիվ: Նրանց արևայնության մեջ համոզվում ես, երբ լուսանկարչական ապարատին նայելով՝ լայն ժպտում են և ծիծաղում: Ըստ վիճակագրության՝ աշխարհում ծնված ամեն 700-րդ մանուկը ծնվում է Դաունի համախտանիշով: Համախտանիշը ոչ մեկի մեղքը չէ. երեխան կարող է հավելյալ քրոմոսոմով ծնվել լիովին պատահաբար:
Հայաստանում առանց ծնողական խնամքի մնացած «արևային» փոքրիկներն ընդամենը մեկ բնակավայր են ունենում՝ ծննդատնից տեղափոխվելով Գյումրիի «Երեխաների տուն» մանկատուն: Մանկատանն այսօր 125 երեխա կա, որոնցից յուրաքանչյուրը մանկատուն հայտնվելու իր պատմությունն ունի:
7-ամյա Վարդուհու սիրած խաղալիքը փոքրիկ արջուկն է: Ձեռքերով խաղալիքը շոյելով՝ Վարդուկը քթի տակ երգ է երգում: Վարդուկը մանկատանը երկվորյակ եղբայր ունի. Վոլոդյան քիչ հեռու ճոճարանի վրա ճոճվում է՝ քրոջ պես ինչ-որ երգ երգելով: Ուշադիր լսելիս պարզ է դառնում՝ Բեթիի «Արևի մարդիկ» երգն է: Չժպտալ անհնար էր. ճիշտ է՝ երկվորյակները դաունի համախտանիշ չունեն, ունեն մանկակական ուղեղային կաթված, սակայն պակաս արևի մարդուկներ չեն:
Մանկատան աշխատակիցները պատմում են՝ Վարդուհին և Վոլոդյան մանկատան հազվագյուտ փոքրիկներից են, որոնք լիովին մոռացված չեն ծնողների կողմից. «Ծնողներն իրենց մյուս երեխաների հետ կեստարին մեկ այցելում են երեխաներին: Ասում են՝ մայրը երվորյակներին սպասելիս էլեկտրահարվել է…»:
125 երեխաները ծնվել են Հայաստանի տարբեր մարզերում, տարբեր հիվանդանոցներում, տարբեր մտավոր և ֆիզիկական հաշմանդամություններով, բայց ունեն մեկ ընդհանուր տուն, որ իրենց պատվին կոչվում է «Երեխաների տուն», և ունեն ընդհանուր առօրյա: Հաշմանդամության տեսակների ճնշող մեծամասնությունն անհնար է վերացնել, սակայն վերականգնողական բուժումը փոքրիկների համար անհրաժեշտություն է: «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատակիցներին լավ ճանաչում են ոչ միայն Տան մանկավարժները, դայակները, հոգեբանները, այլև հենց իրենք՝ փոքրիկները: Նրանք տեսնում են այցելության վերին շերտը՝ ուրախանալով, որ հյուրեր ունեն, իսկ մեծահասակների ուրախությունն ավելի փաստարկված է. Հիմնադրամի աշխատակիցների յուրաքանչյուր այցելությամբ մանկատունը փոքրիկների համար ավելի հարմարավետ և մասնագիտացված է դառնում:
Այսօր մանկատունն ունի բարենորոգված շենքեր, վերակառուցված խաղահրապարակ, թերապևտիկ նշանակության լողավազան, բուժլաբորատորիա, ախտորոշիչ սենյակ, նորագույն կարգավորումներով քայլակներ, սայլակներ, մկանները մարզող և մարսող սարքեր, օրթոպեդիկ բարձեր, ֆիքսատորներ, հարմարեցված սպասք: Այս ամենը տարիների ընթացքում ամբողջ աշխարհի հայերի կողմից ստացված հանգանակությունների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի ուղղորդված աշխատանքների արդյունք է:
Ծնողական խնամքից զրկված արևե փոքրիկներին երկու բան է անհրաժեշտ՝ սեր և հարմարեցվածություն: Եվ եթե մանուկներն իրենց հարմարեցված պայմանների մասին մշտական հոգատարներ ունեն, միաժամանակ ստանում են երկու անհրաժեշտություններն էլ…