Երկամյա համաշխարհային հյուրախաղերի շրջանակում Շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնը Երեւանում ներկայացնում է «Համլետ» բեմադրությունը:
Այսօր, ժամը 20.00-ին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում «ՀայՖեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակում տեղի կունենա լոնդոնյան թատրոնի ելույթը:
Համաշխարհային հռչակ վայելող թատրոնն այս հյուրախաղերը մեկնարկել է 2014 թվականին, Ուիլյամ Շեքսպիրի 450-ամյակին նվիրված լայնածավալ Globe to Globe. Hamlet նախագծի շրջանակում` նպատակ ունենալով երկու տարվա ընթացքում այցելել աշխարհի` հնարավորինս շատ թվով երկրներ: Ներկայացումն արդեն խաղացվել է աշխարհի 120 երկրներում, ավելի քան 100.000 հանդիսատեսի առջեւ:
Հայաստանում Բրիտանական դեսպանատան կայքէջն առաջարկում է այսօր, ուղիղ հեռարձակմամբ, կայքի միջոցով հետեւել այս աննախադեպ իրադարձությանը:
Բեմադրությունը շեքսպիրյան դասական ողբերգության արդիական տարբերակն է, որտեղ տեղ է գտել թե' սև հումորը, թե' ակնածանքը` հեղինակային տեքստի հանդեպ։ Ներկայացումը տեւում է 2 ժամ 40 րոպե, որի ընթացքում 12 դերասաններ խաղում են ավելի քան 20 դեր` օգտագործվելով նվազագույն դեկորացիաներ:
Աշխարհով մեկ սկսված հյուրախաղերը կավարտվեն 2016 թվականի ապրիլի 23–ին` Շեքսպիրի մահվան 400-րդ տարելիցին։
Լոնդոնի Շեքսիպիրյան «Գլոբուս» թատրոնն աշխարհով մեկ շեքսպիրյան ժամանակի «Գլոբուսի» նմանությամբ կառուցված բազմաթիվ «Գլոբուս» թատրոններից ամենահռչակավորն է: