image

«Ձայն տուր, ով կղզյակ». Հայաստանում կնշվի Մխիթարյան միաբանության 300-ամյակը

«Ձայն տուր, ով կղզյակ». Հայաստանում կնշվի Մխիթարյան միաբանության 300-ամյակը

Ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակույթի պատմության մեջ բացառիկ նշանակություն և ուրույն տեղ զբաղեցրած Մխիթարյան միաբանությունն այս տարի կնշի Վենետիկի Սուրբ Ղազար կղզի մուտք գործելու 300-ամյակը:

Մխիթար Սեբաստացու, ինչպես նաև միաբանության գործունեությունը հանրության լայն շրջանակներին ներկայացնելու ու հանրահռչակելու նպատակով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենությունը նախաձեռնել է սեպտեմբերի 21-ին «Զվարթնոց» պատմամշակութային-արգելոց թանգարանում բացել «Ձայն տուր, ով կղզյակ» խորագիրը կրող ցուցահանդես:

Հոգևոր, ուսումնակրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը հիմնադրել է Մխիթար Սեբաստացին` 1701 թ., Կոստանդնուպոլսում: 1717 թ. միաբանությունը հաստատվել է Վենետիկի մերձակա Սբ. Ղազար կղզում` վերածելով այն յուրահատուկ ոգեղեն Հայաստանի` կյանքի կոչելով Մխիթարյան միաբանության կարգախոսը`«Ի փառս Աստուծոյ եւ յանուն լուսաւորութեանն ազգի մերոյ»:

Ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են տարեսկզբից: ՊՈԱԿ-ի ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ Էլմիրա Եսայանը Վենետիկ մեկշաբաթյա գործուղման ընթացքում ծանոթացել է արխիվային հարուստ ու հետաքրքիր նյութերի:

Հայկական ոգով ու շնչով համակված միաբանության գործունեությունը ժամանակին լավագույնս բնորոշել է Մխիթար Սեբաստացին. «այստեղ տիրում է հայրենաշունչ մթնոլորտ` Աղօթքի հետ` աշխատանք, առաքինության հետ` հայրենասիրութիւն, հաւատքի հետ` գաղափարական սեւեռակէտ, եւ միշտ Հայաստան, ամէն ինչ Հայրենիքի համար, հայ ժողովուրդի համար…»:

Հենց այդ բարձր արժեքները կրող արժանի հայերի, նրանց ներդրած ավանդի մասին էլ կպատմի Հայաստանի անկախության տոնի օրը կրկնակի տոնական դարձնելու միտումով նախանշվող ցուցադրությունը: