Արմաւիրի մարզէն` Սարդարապատի յուշահամալիրին մօտրն այսօր` Ապրիլ 28-ին, սկսաւ «Դիմադրութիւն» շաժման 4-րդ խումբի քայլերթը դէպի Երեւան:
«Անցնող 4 օրերին տարբեր վայրերից իրազեկման երթերն արդէն մեկնարկել են: 4 վայրն էլ խորհրդանշական է. սկսուեց Տաւուշից, որը եղել է հերոսական, ցաւօք սրտի, այս շաբաթներին իշխանութիւնը չի խորշում խօսել անգամ տարածքային զիջումների մասին, բզիկ-բզիկ անել սահմանապահ Տաւուշը:
Երկրորդ վայրը նոյնպէս խորհրանշական է` Տիգրանաշէնը, Երասխի բարձունքը: Իշխանութիւնը խօսում է Երասխում հայելային հետքաշման մասին, որը վտանգելու է հայոց աշխարհը:
Երրորդ վայրը Բաշ Ապարանն է, եւս խորհրանշական, եւ չորրորդը` Սարդարապատ, այն Սարդարապատը, որտեղ 104 տարի առաջ տեղի ունեցաւ հայութեան կենաց-մահու կռիւը: Այդ օրերին Սարդարապատում ամենահերոսական պայքարը մղեցին Բեկ-փիրումեանները, Ղարաբաղի 5-րդ մահապարտ գունդը, որն անձնուիրաբար կռուեց: Այսօր հերթը մերն է` Սարդարապատից յանուն Արցախի:
Մայիսի 1-ին լինելու ենք Երեւանում, բոլոր ուղիներով շարժուող մեր զինակիցները լինելու են Երեւանում` վճռական այն պայքարին, որը բերելու է խաղաղութիւն, ապահովութիւն, արժանապատուութիւն մեր երկրին», յայտարարեց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը:
Իր հերթին ԱԺ «Հայաստան» խմբակցութեան անդամ Արամ Վարդեւանեանը քայլերթի մեկնարկին ուղիղ եթերով նշեց. «Մենք յաջողելու ենք, մենք վճռական ենք մեր գործողութիւններում եւ արդիւնքի հասնելու ենք միասին»:
Երթի մեկնարկին բոլորը կատարեցին «Սարդարապատ» երգը, այնուհետեւ Սարդարապատի յուշահամալիրի տարածքին բարձրացուեցաւ Արցախի Հանրապետութեան դրօշը: