image

Չարենցը եւ երկու հայուհիները

Չարենցը եւ երկու հայուհիները

Գրող, հրապարակախօս Ստեփան Ալաճաճեան բախտը ունեցած է տեսնելու այդ երկու հայուհիները՝ Ալմաստ Զաքարեանը եւ Ռեգինա Ղազարեանը եւ անոնց նուիրած է իր  «Չարենցը եւ երկու հայուհիները» գրութիունը: Այն լոյս  տեսած է 1997 թուականին, երբ տակաւին ողջ էին թէ՛ Ալմաստ Զաքարեանը եւ թէ՛ Ռեգինա Ղազարեանը (Ալմաստ Զաքարեան մահացած է 2013-ին, իսկ Ռեգինա Ղազարեան՝ 1999-ին):  Ալաճաճեանի այս գրութեան մէջ ի յայտ կու գան շատ մանրամասնութիւններ, ինչպէս նաեւ հրապարակախօսն իր խոհերն ու ապրումները դրած է տողերուն մէջ: «Չարենցը եւ երկու հայուհիները» յօդուածը կը ներկայացնենք անոր հրապարակախօսութիւնը թուայնացնելու ծրագիրին մէջ՝ նոր սերունդին մեր արժէքներուն հաղորդ դարձնելու նպատակով: 

2023 թուականը իր աւարտին կը հասնի: Այն յոբելեանական էր մեր արուեստի եւ գրականութեան շատ մը մեծերու համար: Տարին յոբելեանական էր նաեւ մեր տաղանդաւոր գրականագէտ, պատմաբան կիներէն մէկուն՝ Ալմաստ Զաքարեանի համար: 2023-ին լրացաւ անոր 100-ամեակը: Նոր սերունդը միշտ չէ, որ պատշաճօրէն կը ճանչնայ կամ կը գնահատէ մեր մեծերը:  Անոնք շատ անգամ կը մնան ստուերի տակ, մինչդեռ ժամանակին այնքան կարեւոր գործեր ըրած են մեր գրականութեան եւ գրականագիտութեան համար: Ալմաստ Զաքարեան մեր գրականութեան շատ մը մեծերուն անդրադարձած է իր գիտական գործունէութեան ընթացքին, վերլուծած եւ գրաքննած հայ հրապարակախօսական միտքը, 20-րդ դարու հայ բանաստեղծութիւնը, բայց անոր կեանքի գործը դարձած է հայ մեծ գրող, բանաստեղծ Եղիշէ Չարենցի գրականութեան անդրադառնալը եւ Չարենցը ներկայացնելը սերունդներուն: Ալմաստ Զաքարեան իր ամբողջ կեանքի ընթացքին զբաղած է Չարենցի ձեռագիրներով եւ անոնց հրատարակութեամբ, իսկ Չարենցի ձեռագիրներէն զգալի մաս մը, ինչպէս հանրածանօթ է, փրկած է մէկ այլ հայուհի՝ Ռեգինա Ղազարեան: 

Գրող, հրապարակախօս Ստեփան Ալաճաճեան բախտը ունեցած է տեսնելու այդ երկու հայուհիները՝ Ալմաստ Զաքարեանը եւ Ռեգինա Ղազարեանը եւ անոնց նուիրած է իր  «Չարենցը եւ երկու հայուհիները» գրութիունը: Այն լոյս  տեսած է 1997 թուականին, երբ տակաւին ողջ էին թէ՛ Ալմաստ Զաքարեանը եւ թէ՛ Ռեգինա Ղազարեանը (Ալմաստ Զաքարեան մահացած է 2013-ին, իսկ Ռեգինա Ղազարեան՝ 1999-ին):  Ալաճաճեանի այս գրութեան մէջ ի յայտ կու գան շատ մանրամասնութիւններ, ինչպէս նաեւ հրապարակախօսն իր խոհերն ու ապրումները դրած է տողերուն մէջ: «Չարենցը եւ երկու հայուհիները» յօդուածը կը ներկայացնենք անոր հրապարակախօսութիւնը թուայնացնելու ծրագիրին մէջ՝ նոր սերունդին մեր արժէքներուն հաղորդ դարձնելու նպատակով: 

 

ՉԱՐԵՆՑԸ ԵԻ ԵՐԿՈՒ ՀԱՅՈՒՀԻՆԵՐ

Ես էլ մէկն եմ նրանցից, ովքեր Չարենցի  կենսագրութեան եւ նրա ստեղծագործութիւնների մէջ տեսնում են կէսդարեայ մի պատմութիւն, բայց Չարենցին չեն տեսել: Արդարեւ, բոլորս այնպէս լաւ գիտենք Չարենցին, որ, թւում է, թէ տեսել ենք նրան:

Իբրեւ գրող եւ մի անձնաւորութիւն, որ ներկայ է եղել Չարենցի  հողի տակից հանուած անտիպ ձեռագրերի յանձնուելուն՝ Գրականութեան եւ Արուեստի թանգարանին եւ, ապա, որպէս հանրապետութեան միակ գրական ամսագրի խմբագրութեան բաժնի վարիչ, օրերով ու շաբաթներով նստել եմ մագաղաթացած, հողեթաթախ կամ հողից կրծուած ձեռագրերը ընթերցելուն ու վերծանելուն օգնելու, եւ կարծես այնտեղ եւ այդ թղթերի մէջ տեսել եմ Չարենցին, ու հիմա ուզում եմ ներկայացնել այն երկու հայուհիներին, առանց որոնց գուցէ չճանաչէի Չարենցի  այսօրուայ ամբողջական երկերը:

Հետագայում, որպէս Չարենցի  անուան Գրականութեան եւ Արուեստի թանգարանի տնօրէն, աւելի լաւ հասկացայ այդ խիզախ ու ներհուն հայուհիների կատարած գործը եւ, եթէ երբեւէ պիտի խօսել Չարենցի  անտիպ ձեռագրերի մասին, ապա պիտի խօսել այս հայուհիների աչքերի լոյսի, մտքերի շողի, մատների նրբութեան ու անսահման նուիրուածութեան մասին:

Ռեգինա Ղազարեանն ու Ալմաստ Զաքարեանն են այդ հայուհիները: Բանտում Չարենցը  մտահոգուել է իր անտիպ ստեղծագործութիւններով ու հաւատացել, որ նրանք յաւիտեան կը կորչեն, եթէ ընկնեն սեւ ձեռնոցաւոր մարդկանց մօտ, ուստի գաղտնօրէն խնդրել է իր երկրպագուներից, դեռեւս ուսանողի, քնարերգութեան ու գունանկարչութեան նուիրուած Ռեգինա Ղազարեանին՝ վերցնել ու պահել...

Վերցնել ու պահել... Ինչպէ՞ս, ո՞ւր...

Դա մահը դիմագրաւելու յանձնարարութիւն էր 36 թուականին: Չգիտեմ ինչպէ՞ս բնորոշել հայ կնոջ կոչումը, ինչպէ՞ս պիտի հայաստանցու տոհմիկ կերպարից անցնել այսօրուայ բարոյական, ազգային գիտակցութեամբ տոգորուած ընդհանրապէս հայ մօր կերպարին կամ ընդհանրապէս հայուհու, հայ կնոջ՝ լոյսի, գեղեցկութեան, մշակոյթի, հայ երգի ու գրչի նկատմամբ ունեցած վերաբերմունքին ու ապա հերոսական վարմունքին: Այստեղ կայ ազգային արժէքների նկատմամբ սրբազան պարտականութեան զգացում, կայ հոգեկան կորով, բարոյական վեհութիւն: Այստեղ կայ ազգապահպանման եւ հայրենասիրական առաքինութեան ազնիւ դրսեւորում:

Ռեգինա Ղազարեանը Չարենցի  ձեռագրերը 17 տարի սուրբ լռութեամբ պահել է հայոց հողի մէջ, հողի տակ:

Սխրանք է սա, դպրութեան, մշակոյթի սիրուց ծնուած սխրանք:

Միւս հայուհին, որի մասին ուզում եմ խօսել՝ Ալմաստ Զաքարեանն է, այժմ բանասիրական գիտութիւնների դոկտոր է եւ հեղինակ այնպիսի երկերի, ինչպէս, քսաներորդ դարի սկզբի հայ քնարերգութեան ու Հայոց գրական աւանդների ուժի մասին գրուած յօդուածների ժողովածուները: Նա էլ է թուխ, նա էլ է սեւաչեայ: Նա էլ է Չարենցի  երկրպագու: Բայց նա Չարենցի  ձեռագրերի թանաքի մելանի գոյնի, թղթերի փոքր ու մեծ կտորների մէջ նետուած անընթեռնելի, ջնջուած, սղագիր դարձած, նորից գրուած ու նորից ջնջուած բառերի ու տողերի միջից հանճարի ամէն մի բառը, միտքն ամբողջացնող գիրն ու բազմակէտը ճշդապէս ընկալող, կռահող ու լոյսին յանձնող հայուհին էր:

Նոյն սէրն է՝ դպրութեան եւ Չարենցի  հանդէպ:

Նրանք երեքն էին, երբ մտան խմբագրատուն: Բանաստեղծի դուստրը՝ Անահիտ Չարենցը  նրանց հետ էր: Ռեգինան փարթամ էր, դէմքը լայն էր, յօնքերը հաստ էին ու երկար, սեւ ու սահուն վարսերը ետ էր սանրել՝ ուսերն ի վար ու մի քիչ կուզիկ կանգնեց, մի քիչ յոգնած, ձայնն առնացի էր, երբ ասաց.

-Մասունքնե՜րը… բերինք: Թաղուած ձեռագրերին ինչպէ՞ս կը նայէք:

Հողի խոնաւութիւնը ու ինքը հողը ծակծկել էին թղթերը ու նստել ծակծիկների մէջ. խոնաւութիւնը քսուել էր գրերի թանաքին ու թանաքը, գոյնը կորցնելով, ընդարձակել էր գիրը ու տեղ-տեղ, մելանը խոնաւությւնից ջուր էր դարձել ու թրջել թուղթը, մելանը, թանաքը արտասուքի պէս տարածուել էր:

Շատ հանդարտ էր Ռեգինան, մինչ Ալմաստի ձեռքերը դողում էին:

Այն ծրարների մէջ, ուր տեղադրել էին մասունքները, թղթերի մոխիրն էր թափուել: Թերթիկներից մի քանիսի վերջաւորութիւնները քայքայուած էին, եզերքը՝ սեւացած: Այրուած չէին, բայց ածխացածի պէս էին, իսկ ածխացած մասերից վեր, ամէն ինչ դեղնած էր: 

-Անընթեռնելի է, չէ՞,-հարցրեց Անահիտը:

Չարենցն իր ձեռագրերի վրայ աշխատել է անընդհատ. միշտ փոխել, միշտ ջնջել ու ուղղել, ջնջած տողի վրայ նորն է գրել, բառի վրայ մէկ հոմանիշ, ապա մէկ ուրիշ բառ:  -Մէկը կայ, որ իր աչքի լոյսով կարողանում է այս վիճակում ջնջուածն էլ, վերաջնջուածն էլ տեսնել…

Ուզում էի մօտեցնել մի թերթիկ:

-Ձեռք չտա՛ս,-քիչ հեռուից ասաց Ալմաստը,-չդիպչես, կը փշրուի, կը մոխրանայ, փոքր հպումից հող է դառնում, երկար ժամանակ, շատ երկար ժամանակ արեւ չեն տեսել, օդ չեն շնչել...

Ալմաստի աչքերից դող ու քնքշանք էր թափւում ածխացած փշրանքների վրայ: Ու որքան վստահ էր իր ուժերի վրայ:

-Թուականները կան, նայեցէք վերեւ՝ 35, 35, 36, 36... Ամիսները կան լատինական թիւերով... 

Նրա աչքերը պեղում էին բոլոր գծաւորուած, բծաւորուած, անմեկնելի գրերը: Շատ բան փշրեցին, վերծանեցին, լուսաբանեցին Անահիտ Չարենցն ու Ալմաստ Զաքարեանը եւ մինչեւ 1967-չարենցեան եօթանասունամեակը, անտիպների մեծ մասը ամփոփուեց ժողովածուների մէջ:

Ինչպիսի՜ տառապանք ու ինչպիսի՜ արարչագործութիւն, եւ ապա ինչպիսի՜ յաղթանակ այն անցեալի դէմ, որ իր պարտութիւնը կրեց իր աչքերի առաջ:

Այնուհետեւ, տարիներ շարունակ հանդիպել եմ այս երկու հայուհիներին ու երկուսի աչքերում էլ կարծէք մի կիսատ պատմուածք, մի կիսատ երգ, մի կիսատ լոյս է մնացել:

Մէկ անգամ Ալմաստն ասաց. 

-Դեռ շատ բան կայ վերծանելու, շատ բան կայ լուսաբանելու... Չարենցը  ամբողջական չէ: 

Մինչդեռ, Չարենցի  ընթերցողներս կարծում էինք, որ Չարենցի  կերպարը այս կիսամոխիր թղթերն արդէն կերտել են եւ իսկական Չարենցը ամբողջանում է, աւարտւում է: Ու Ռեգինային հարցրի.

-Այն նկարները, որ տեսնում ենք, Չարե՞նցն է... Դու նրա հետ ես եղել նրա տանը, ակումբում ու մայթերի վրայ, հարբած ու զգաստ, հիւանդ կամ աշխատելիս... Ոչ մէկ նկարի մէջ հանճարեղ Չարենցը  չկայ... 

-Ես կը բերեմ,- ասաց նա:

Բերեց, շատ նկարներ բերեց, մատիտանկարներ ու իւղանկարներ, զանազան դիրքերով, զանազան հայեացքներով: Չարենցի  սիրած գոյներն ու գծերը, խորունկ-խորունկներում, բուդդաներ ու մի Զարադուստրա՝ ջրերի ափին ու անտառեզրին, բերեց ու ետ տարաւ: Ցուցահանդէս տուեց:

Հանրապետութեան վաստակաւոր նկարչուհին փառաբանուեց իբրեւ Չարենցեան կերպարի լաւագոյն գեղանկարիչը, իսկ ես հարցրի.

- Ո՞րն է Չարենցը, այն հանճարեղը:

Տխրեց նա, դէմքի ամբողջ թխութիւնը երեւաց շուրթերի վրայ ու բացեց շուրթերը. 

-Չեմ իմանում, նա լուսապսակ ճակատ է, հոգուս մէջ է, չեմ կարողանում:

Այո՛, Չարենցը  ի՛ր իսկ ասած լուսապսակ ճակատներից մէկն է բոլորիս հոգու մէջ: 

 

«Նոր Կեանք», Հոկտեմբերի 23, 1997