Բարգաւաճ Հայաստան կուսակցութիւնը պիտի չմասնակցի Երեւանի աւագանիի յառաջիկայ ընտրութիւններուն եւ պիտի չսատարէ քաղաքական ուժերէն որեւէ մէկուն: Այս մասին յայտարարած է ԲՀԿ աշխատակազմի ղեկավար Իվեթա Տօնոյեանը:
«Կուսակցութեան անդամների, տարածքային կառոյցների ներկայացուցիչների հետ բաց եւ բարդ քննարկումների արդիւնքում ի վերջոյ որոշուել է, որ Բարգաւաճ Հայաստան կուսակցութիւնը չի մասնակցելու Երեւանի աւագանու յառաջիկայ ընտրութիւններին եւ չի սատարելու քաղաքական ուժերից որեւէ մէկին:
Չեմ թաքցնում, եղել են տարբեր տեսակէտներ, հնչել են տարբեր փաստարկներ եւ հակափաստարկներ։
Վերջնական որոշումը կայացուել է հիմնական երկու գործօնների ազդեցութեան տակ.
Կուսակցութիւնն այս պահին գտնւում է վերափոխումների ինտենսիւ փուլում, կառուցուածքային եւ բովանդակային ռեֆորմացիայի ճանապարհին։
Այս պահին, Արցախի շուրջ տիրող իրավիճակով պայմանաւորուած, մեր հասարակութեան մէջ առկայ չէ Երեւանի զարգացման եւ քաղաքային խնդիրների շուրջ իրական բանավիճային եւ քննարկումային մթնոլորտ։
ԲՀԿ-ն յաջողութիւն է մաղթում ընտրութիւնների մասնակից ուժերին՝ ի շահ մեր ժողովրդի եւ երեւանցիների բարօրութեան»,- նշուած է յայտարարութեան մէջ: