«Մինչ Հռոմի պապի Երեւան այցը, Ադրբեջանն արդեն ճնշում է բանեցնում. Ֆրանցիսկոս պապը Երեւանում պիտի արծարծի հայկական ուժերի՝ ԼՂ եւ հարակից ադրբեջանական տարածքներից դուրս գալու հարցը, ինչպես նաեւ հորդորի Հայաստանին հրապարակավ ստանձնել Խոջալուի կոտորածների պատասխանատվությունը, որի ժամանակ 1992ին զոհ գնաց 600 հոգի՝ տղամարդ, կին, երեխա»,- հունիսի 22-ին փոխանցում է «finanzen.net» գերմանալեզու կայքը՝ ներկայացնելով Ադրբեջանի «Քաղաքացիական հասարակության զարգացում» միավորման նախագահ Էլխան Սուլեյմանովի պահանջը: «Մենք խոր մտահոգություն ենք հայտնում այն հնարավոր խնդիրների առնչությամբ, որ կարող են ծագել Հայաստան Ձեր առաջիկա այցի ժամանակ, երբ օրինակ հայ պաշտոնյաների մոլորեցնող ջանքերին ի համալրում, կփորձեք արդարացնել ԼՂ-ի եւ հարակից ադրբեջանական տարածքների ապօրինի գրավումը», Հռոմի կաթոլիկ քահանայապետին հասցեագրված նամակում շարադրում է Սուլեյմանովը: Վերջերս էլ Սպիտակ տունը հայտարարեց, թե ԼՂ- ին մերձակա շրջանները պիտի վերադարձվեն ադրբեջանական վերահսկողությանը, գրում է նամակագիրը: «Սուրբ Աթոռի եւ անձամբ Ձեր հոգեւոր եւ բարոյական պատասխանատվությանն ենք կոչ ուղղում, Երեւանում անդրադարձե՛ք ԼՂ- ում տեղի ունեցած ողբերգությանը, ճնշո՛ւմ գործադրեք տեղի պաշտոնյաների վրա, որ կատարեն միջազգային հանրությանՙ ադրբեջանական տարածքները վերադարձնելու պահանջները»: Նամակի հեղինակը հիշատակում է Վատիկանի եւ Ադրբեջանի միջեւ սերտ հարաբերությունների մասին, ինչպես նաեւ Սուրբ Աթոռի նախկին արտգործնախարար Ջիովաննի Լայոլոյի՝ Ադրբեջանի կրոնական հանդուրժողականության մասին գովեստի խոսքը: Սուլեյմանովը նկատում է՝ «Վստահ ենք, որ Ձերդ սրբությունը տեղյակ է, որ Ադրբեջանին դարեր ի վեր առաջնորդում են կրոնական եւ էթիկական խոր արմատ գցած ավանդույթները, որ քրիստոնյաների, հրեաների եւ մահմեդականների խաղաղ գոյակցությունն են ապահովում»: Նամակագիրը հավելում է, թե «ադրբեջանցիները հավատարիմ են հանդուրժողականությանը, ի հեճուկս շարունակական անարդարությունների, վերջին տասնամյակներին մեր երկրում, մեր շրջանում տիրող սարսափելի խռովությունների»: Պապը կարդացե՞լ է ադրբեջանցի գործչի նամակը, պատասխանե՞լ է նրան: Ո՞վ մեզ կասի: Բայց նկատելի է, որ ադրբեջանցի գործիչն այնքան էլ չի սխալվումՙ ըստ ամենայնի Հռոմի պապը Նոյի երկրում աղավնի է բաց թողնելու, որ իր խաղաղ թռիչքը կփորձարկի երկու ուղղություններով՝ Թուրքիա եւ Ադրբեջան: Հենց այս համատեքստն է շեշտված գերմանալեզու մի շարք կայքերում: Շվեյցարիայում գործող կաթոլիկական kath.ch մեդիա կենտրոնը փոխանցում է, թե Հռոմի պապի այցից մեծ ակնկալիք ունեն Հայաստանում եւ որպես ասվածի հավաստում ներկայացնում է Բեռլինում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի ակնարկը՝ «այցը տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական մեծ նշանակություն ունի»: Հռոմի պապի հագեցած ժամանակացույցի մասին ծանուցելով, կայքը նշում է, թե ՀՀ նախագահ Սարգսյանի ընդունելությունը, ինչպես նաեւ նախագահական նստավայրում քաղաքական գործիչների, դիվանագետների առջեւ նրա ելույթը հուշում է, որ այցը քաղաքական ուղղվածություն էլ ունի: Նախկինում Ֆրանցիսկոս պապի այցելությունները քաղաքական պրկված խնդիրներ ունեցող տարածաշրջաններ փաստում են, որ Հռոմի քահանայապետը չի երկնչում բարձրաձայն անդրադառնալ դրանցՙ լինի Պաղեստինում, Շրի Լանկայում, Հարավային Կորեայում կամ Մեքսիկայում: Հայաստանն էլ զերծ չէ նման խնդիրներից, գրում է լրատվամիջոցը՝ ծանուցելով ԼՂ հարցի առնչությամբ հայ- ադրբեջանական հակամարտությանՙ հատկապես ապրիլյան բախումների, ինչպես նաեւ դրանից հետո Սարգսյան-Ալիեւ սանկտպետերբուգյան բանակցությունների մասին: 25-ամյա անկախությունը բոլորած Հայաստանը փորձում է մերձենալ ԵՄ-ին, գրում է լրատուն՝ մասնավորեցնելով, թե այս տարի նախատեսված է այդ կառույցի հետ երկկողմանի համագործակցության պայմանագրի կնքում: ԵՄ ՀՀ- ից պահանջում է առավել մեծ մասնակցություն կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, օրենքի գերակայության, անկախ դատական համակարգի հաստատում: «Մենք այդ ուղու վրա ենք՝ ակնկալելով խորհրդատվություն եւ առավել մեծ սատարում», դեսպան Սմբատյանի խոսքն է մեջբերում կաթոլիկական լրատուն՝ իր հոդվածը եզրափակելով հետեւյալ նախադասությամբ՝ «Նաեւ սրա համար բարի գալուստ Հռոմից ժամանած հյուրին»: Անահիտ Հովսեփյան/ «ԱԶԳ» |
|
|