image

Այսօր թարգմանիչներ Սուրբ Սահակի և Սուրբ Մեսրոպի տոնն է

Այսօր  թարգմանիչներ Սուրբ Սահակի և Սուրբ Մեսրոպի տոնն է

Հայ Առաքելական եկեղեցին նշում է թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի տոնը:

Սբ. Սահակ Պարթև Հայրապետը Ներսես Մեծ կաթողիկոսի որդին էր, Սբ. Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչը, որ 387թ. սկսած 52 տարի եղել է հայոց հայրապետական աթոռի գահակալը: Լինելով կրթյալ և հմուտ երաժշտական, հռետորական արվեստների, իմաստասիրության և լեզվագիտության մեջ, Սահակ Պարթևը մեծագույն նպաստ է բերել հայ ազգային մշակույթի զարգացմանը, եղել հայոց գրերի ստեղծման ջատագովը, Մեսրոպ Մաշտոց վարդապետի հետ դարձել հայ դպրության ու եկեղեցական մատենագրության հիմնադիր:

Սբ. Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 360 թ., մանուկ հասակից սովորել հունարեն և պարսկերեն: Սկզբում պաշտոնավարել է արքունիքում որպես արքունի դպիր: Սակայն հետո թողնում է աշխարհիկ կյանքը, դառնում հոգևորական՝ ապրելով խիստ ճգնողությամբ: Քարոզչության ընթացքում Սբ. Մեսրոպը զգում է հայ տառերի և հայագիր Աստվածաշունչ ունենալու կարևորությունը: Հայաստանում կային հայկական նշանագրեր, որոնք ժամանակին գործածում էին քրմերը: Այդ նշանագրերը Վռամշապուհ արքայի հրամանով Վահրիճ իշխանը բերում է Դանիել Ասորի եպիսկոպոսի մոտից, սակայն Մեսրոպը, մի կարճ ժամանակ ուսուցանելով իր աշակերտներին այդ տառերով, տեսնում է, որ նշանագրերն անկատար են: Նա աշակերտների հետ մեկնում է Եդեսիա, Ամիդ, աստվածային զորությամբ հղանում հայոց տառերը և Սամոսատում Հռոփանոս անունով մի հույն գրչի հետ վերջնականապես ձևավորում դրանք:

Տառերի գյուտից հետո Սբ. Սահակն ու Սբ. Մեսրոպը սկսում են Աստվածաշնչի թարգմանությունը և այնպես կատարյալ կերպով են կատարում այն, որ Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը դարեր հետո կոչվում է Աստվածաշնչի թարգմանությունների թագուհի: Աստվածաշնչից հայերեն թարգմանած առաջին նախադասությունը Առակաց գրքի առաջին նախադասությունն է. «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:

Մեսրոպ Մաշտոցը վախճանվել է Վաղարշապատում և թաղվել Օշական գյուղում: Ինչպես վկայում է ավանդությունը, Սբ. Մեսրոպի դին Օշական տեղափոխելու ողջ ճանապարհին նրա վրա երկնքից լուսե սյուն է իջել և ուղեկցել նրան մինչև գերեզման: Նրա գերեզմանի վրա հետագայեում կառուցվել է Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին:

Տարվա ընթացքում Հայ եկեղեցին Սբ. Սահակ Պարթևի և Սբ. Մեսրոպ Մաշտոցի հիշատակը տոնում է երկու անգամ, որոնցից երկու սրբերի տոնը միասնաբար նշվում է Հոգեգալստյան չորրորդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը: