Արցախցիի առաջին եւ գերնպատակն է Քրիստոսով եւ յաղթանակած վերադառնալ Արցախ։ «Ի՞նչ խնդիրներ ունեն արցախցիներն այսօր, ո՞ր դէպքում կը վերադառնան Արցախ» թեմայով քննարկման ժամանակ այս յայտարարութիւնը ըրած է Արցախի թեմի առաջնորդ Տէր Վրթանէս եպս. Արբահամեան։
«Դա բոլորիս նուիրական ցանկութիւնն ու երազանքն է։ Եւ որքան շուտ, այնքան լաւ։ Արցախցու ձայնն Աստծոյ ձայնն է, եւ արդարութիւնը հնարաւոր չէ սպանել, որովհետեւ արցախցին ի սկզբանէ արդարութեան ձայնն է բարձրացրել` ցանկանալով խաղաղ ապրել իր հողում։
Այն, ինչ տեղի ունեցաւ մեզ հետ, անբացատրելի է հաւատացող, գիտակից եւ հասուն մարդու տեսանկիւնից։ Մենք այդպիսի ելք չէինք սպասում, դա սարսափելի էր։ Բռնի տեղահանում եղաւ, ասել է թէ արմատախիլ են արել ծառը։ Շատ գիւղացիներ կան, որոնք հասկանում են` ծառն արմատախիլ անելու դէպքում, այնուամենայնիւ, գլխաւոր արմատը մնում է հողում ու աւելի խորն է գնում։ Մեզ մնում է Քրիստոսով յաղթանակած վերադառնալ գլխաւոր արմատին, որ մնացել է հայրենի հողում»,– նշած է Սրբազանը։
Վրթանէս սրբազանն աղօթած է յանուն Հայաստանի եւ Արցախի: