Երէկուանից սկսուել է Իսլ. յեղ. պահակազօրի ցամաքային ուժերի «Ուժականութիւն» կոչուող զօրավարժութիւնը՝ Արաքս գետի սահմանամերձ շրջանում: Ռազմափորձի նպատակային հիմնական դրոյթներն են՝ տուեալ շրջանում ազգային անվտանգութեան ու ընդհանուր շահերի երաշխաւորումը: Ռազմափորձում, ինչպէս ռազմական ղեկավարութիւնն է յայտարարել, վարժանքները առաջնահերթօրէն ծառայելու են «Արաքսն անցնելու» համար նախատեսուած ու տեղակայմանը պատրաստ՝ կամուրջների օգտագործմանը…:
Այս իրողութիւնն իսկ հիմք է հանդիսացել Իրանցի կովկասագէտներին, որպէսզի ռազմափորձի յստակ ու «պարզորոշ պատգամ» համարեն հետեւեալը.- «Իրանի եւ Հայաստանի միջեւ ընդհանուր սահմանի 28 կիլոմետրանոց հատուածը պէտք է մնայ կայուն եւ անփոփոխ»:
Ահաւասիկ՝ Իրանի պետական ամենաբարձր մակարդակի ռազմա-քաղաքական ղեկավարութեանց յայտարարուած ու բարձրաձայնուած «ԿԱՐՄԻՐ ԳԻԾԸ», որի մասին արդէն երկամեայ ժամանակահատուածում ասւում ու յաճախակի կրկնւում է՝ յատկապէս Ադրբեջանի եւ նրան հովանաւորող շրջանային թէ արտաշրջանային ուժերի կողմից 2020 թ.-ին Արցախի դէմ լայնամասշտաբ ագրեսիայից յետոյ…:
Թող նմանատիպ ուժերն յոյս չփայփայեն Իրանի ներքին հասարակա-քաղաքական խմորումներին ի տես՝ արտաքին սպառնալիքների խաղաքարտերի օգտագործումներից, քանզի իրանական երկիր-պետութիւնն երբեւիցէ չի շեղուելու ազգային ու պետական պատմա-քաղաքական թէ ժամանակակից մնայուն ու անփոփոխ շահերի պաշտպանութիւնից…:
«Ալիք»ի խմբագիր՝
Դերենիկ Մելիքեան