Մեկ շաբաթից ավելի է` Թուրքիա-Հունաստան ծովային ճանապարհին անհետացած սիրիահայ Թալին և Հովհաննես Թեքեյանների, նրանց 10-ամյա որդու` Վահան Թեքեյանի և Թալին Թեքեյանի մոր` Սեդա Բաթրունյանի ճակատագրերը մնում են ուշադրության կենտրոնում: Նրանց փնտրելու հարցով, ինչպես նաև, ըստ խոսակցությունների` խորտակված լաստանավից փրկված Թեքեյանների 19-ամյա դստեր` Արինա Թեքեյանի հետագա ճակատագրով հետաքրքրվում է Պոլսո հայոց պատրիարքությունը: Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանն «Արեւելքի» հետ զրույցում ասաց, որ հեռախոսային կապի մեջ է Իզմիրում գտնվող Արինայի և նրա մորաքրոջ` Նաիրի Բաթրունյանի հետ և սպասում է, որ վերջնական վճռեն Արինայի մնալու վայրը, ըստ այդմ էլ կկարգավորվեն փաստաթղթային հարցերը: «Պատրիարքությունը պատրաստ է բոլոր միջոցներով օժանդակել Արինային, եթե խնդիրներ լինեն` Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության միջոցով կլուծենք»-ասաց Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդը: Արամ Աթեշյանը նաև տեղեկացրեց, որ Իզմիրին մոտ գտնվող տարածքում, որտեղ, ամենայն հավանականությամբ ընկղմվել է լաստանավը, ոստիկանությունն արդեն երեք դիակ է հայտնաբերել, սակայն Նաիրի Բաթրունյանը հայտնել է, որ դիակներն իրենց հարազատներինը չեն: Նաիրի Բաթրունյանն «Արեւելքին» ասաց, որ օր-օրի սպասում են նորությունների, ոստիկանությունը տեղյակ է իրենց հարազատների կորստի մասին, սակայն որոնողական բոլոր աշխատանքներն առայժմ ապարդյուն են: Նա նաև տեղեկացրեց, որ Արինան, որ ժամեր շարունակ լողալով հասել է ափ, դեպքի առաջին օրերի համեմատ այժմ մի քիչ ավելի լավ է զգում, չնայած, ըստ մորաքրոջ, սարսափելի տեսարանները, որոնց ականատես է եղել, հանգիստ չեն տալիս աղջկան:
Արինա Թեքեյանը
Նաիրի Բաթրունյանը հավելեց, որ Արինան իր հետ Գերմանիա գնալու ցանկություն ունի, արդեն դիմել են Գերմանիայի դեսպանատուն: Նշենք, որ անհետացած չորս հայերը ծովային ճանապարհով Եւրոպա հասնող փախստականների լաստանավով ուղևորվում էին Գերմանիա:
Ըստ Նաիրի Բաթրունյանի, փախստականներ տեղափոխող լաստանավի մեջ 14 հոգի է եղել, 6 (որոշ տվյալներով` 7) հոգի է փրկվել, որոնցից մեկն էլ Արինա Թեքեյանն է: Նաիրի Բաթրունյանն «Արեւելքի» հետ զրույցում նաև հավելեց, որ դեպքը տեղի է ունեցել Հունաստանին շատ մոտ գտնվող «Չոշմե» կոչվող ծովափի մոտ, Թուրքիայից Հունաստան այդ ափով լաստանավի միջոցով կարելի է հասնել 15 րոպեում:
Հունաստանի հայկական համայնքում նույնպես տեղյակ են հայ ընտանիքի չորս անդամի անհետացման մասին: Հայ Առաքելական եկեղեցու Հունաստանի թեմի առաջնորդ Տ. Խորեն Արք. Տողրամաջյանն «Արեւելքին» հայտնեց, որ Հունաստանի իրավապահ մարմիններին են փոխանցվել անհետացած հայ ընտանիքի անդամների անուններն ու նկարագրությունները, տեղեկությունների դեպքում հայտարարություն կարվի, սակայն ըստ նրա, հունական կողմից որևէ տեղեկություն նույնպես չկա:
Թեքեյաններն ունեն ևս մեկ դուստր, որ սովորում է Երևանի ավագ դպրոցներից մեկում: