Վաղ թէ ուշ Ալիեւը ստիպուած պիտի ըլլայ կանգնիլ Հաագայի միջազգային դատարանի առաջ։
Դիմատետրեան էջին գրած է Արցախի Հանրապետութեան նախկին պետական նախարար Ռուբէն Վարդանեանը՝ անդրադառնալով Իլհամ Ալիեւի վերջին յայտարարութիւններուն:
«Կարծում էի, որ պարոն Ալիեւը լաւ խորհրդականներ ունի, բայց, ինչպէս երեւում է այս յայտարարութիւններից, նրանք անպիտան են։ Խորհուրդ կը տայի աշխատանքից ազատել նրանց, որովհետեւ որքան շատ է հնչում այս հռետորաբանութիւնը, որքան աւելի կոշտ ու դաժան է այն դառնում, այնքան մեծանում է հաւանականութիւնը, որ վաղ թէ ուշ պարոն Ալիեւը ստիպուած է լինելու կանգնել Հաագայի միջազգային դատարանի առաջ:
Ես դժուարանում եմ պատկերացնել, թէ ինչ միջոցներով է ադրբեջանական պետութիւնը 120 հազար հայերին կարողանալու վտարել իրենց հայրենիքից: Ամէն դէպքում, դա կը լինի մարդկութեան դէմ յանցագործութիւն: Եւ որքան մեծանում է ուժի սպառնալիքի լեզուով ճնշումն արցախցիների վրայ, այնքան աւելի են նրանք համախմբւում եւ կողք կողքի կանգնում:
Այս իմաստով սա ճանապարհ է, որը ոչ մի տեղ չի տանում։ Ես ասել եմ եւ շարունակում եմ կրկնել, որ միակ ճանապարհը նորմալ բանակցութիւններն են, որտեղ Ադրբեջանը պէտք է ճանաչի միւս կողմին՝ Արցախի Հանրապետութիւնը, Արցախի ընտրուած առաջնորդներին, եւ միջազգային հարթակում միջազգային ներկայացուցիչների մասնակցութեամբ նորմալ բանակցութիւններ վարի՝ գիտակցելով, որ հակառակ պարագայում սա ճանապարհ է, որն իրեն ոչ մի տեղ չի տանելու»։