Ատրպէյճանը կը փորձէ օրակարգ մտցնել ինչ-որ հարցեր, որոնք արհեստականօրէն կը դժուարացնեն Հայաստանի հետ խաղաղութեան պայմանագրի կնքումը։ Այս մասին դեկտեմբեր 7-ին խորհրդարանէն ներս լրագրողներու հետ զրոյցին ըսած է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնեանը՝ անդրադառնալով Ատրպէյճանի նախագահի այն յայտարարութեան, որ եթէ Հայաստանը կ՚ուզէ խաղաղութեան պայմանագրի սեւագրին մէջ ներառել Լեռնային Ղարաբաղի հայերու իրաւունքներու հարցերը, ապա այդ փոխադարձ պէտք է վերաբերի Հայաստանէն հեռացած ատրպէյճանցիներու վերադարձի եւ ապրելու իրաւունքներուն։
«Կարծում եմ՝ Ադրբեջանը փորձում է օրակարգ մտցնել ինչ-որ հարցեր, որոնք արհեստականօրէն, միգուցէ, կը դժուարացնեն խաղաղութեան պայմանագրի կնքումը: Այն, ինչ-որ մենք փոխանցել ենք, եւ այն, ինչ-որ մենք բանակցում ենք, մենք էլ լաւ գիտենք, իրենք էլ լաւ գիտեն ու հիմա անընդհատ դրա մասին խօսելն արհեստական խնդիրներ է առաջացնում։ Ակնյայտ է, որ մենք, իրօք, խօսում ենք խաղաղութեան մասին, այլ ոչ թէ թուղթ ենք ստորագրում կամ ձեւ ենք անում։ Հիմա, որ վրացիները գալիս են Հայաստան ապրելու, որեւիցէ խոչընդոտ կա՞յ կամ հայերը, որոնք գնում են Վրաստան։ Մենք Վրաստանի հետ պայմանագրի մէջ գրե՞լ ենք դրա մասին։ Ի հարկէ, չենք գրել», – նշած է Սիմոնեանը։
Ազգային Ժողովի նախագահը չի բացառեր, որ հայերը կ՚երթան, Ատրպէյճանի մէջ կ՚ապրին, ատրպէյճանցիները՝ Հայաստանի մէջ, բայց պէտք է որոշ ժամանակ անցնի, եւ ատրպէյճանական կողմն ալ նուազեցնէ ատելութեան խօսքը։
«Պէտք է հասկանալի լինի, որ, այո՛, ժամանակ կ՚անցնի եւ, չեմ բացառում, որ հայերը կը գնան Ադրբեջանում կ՚ապրեն եւ ադրբեջանցիները կը գան Հայաստանում կ՚ապրեն, առեւտուր կ՚անեն իրար հետ։ Այո՛, խաղաղութեան ենք գնում, խաղաղութիւնն այլ կերպ չի լինում ու այն պնդումները, որ մենք իրար հետ հակամարտել ենք եւ մեզ համար անլուծելի խնդիր է՝ ինձ համար անընդունելի է, որովհետեւ պատմութեանը յայտնի են բազմաթիւ դէպքեր։ Անգլիան եւ Ֆրանսիան 116 տարի պատերազմել են եւ այսօր Անգլիան ու Ֆրանսիան դաշնակիցներ են»,-ըսած է Ալեն Սիմոնեանը։