Արդեն մեկ տարուց ավելի Թուրքիայի «Այդըն Յենիփազար ակ ռեժիմի» բանտում գտնվող հայազգի Սևան Նշանյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Լիբերալ դեմոկրատական կուսակցության» (LDP) կողմից կառաջադրվի որպես պատգամավորի թեկնածու: Այս մասին, ըստ «Ակօս»-ի, հայտնել է կուսակցության գլխավոր քարտուղարի օգնական Թարըք Բեյհանը:
Բեյհանը նշել է, որ Սևան Նշանյանը Թուրքիայում մեծ ներդրում ունի լեզվաբանության, մշակույթի, ճարտարապետության բնագավառներում, սակայն ավելի հատկանշական է նրա դերը խոսքի ազատության բնագավառում:
«Այս պահին բանտում գտնվելու պատճառն էլ հենց խոսքի ազատությունն է: Լիբերալիզմի 2 կարևոր չափանիշներն են խոսքի ազատությունն ու հանդուրժողականությունը: Այդ պատճառով մենք կարծում ենք , որ Նշանյանը և մեր կուսակցության, և երկրի համար շատ կարևոր գործիչ է»,-ասել է Բեյհանը:
Հիշեցնենք, որ Սևան Նշանյանը Թուրքիայում գտնվող «Նշանյան տներ» անվամբ հայտնի հյուրանոցային համալիրի՝ բնապահպանական գոտում կառուցելու, ինչպես նաև հին շինությունների ապօրինի վերակառուցման մեղադրանքով դատապարտվել էր ավելի քան 11 տարվա ազատազրկման և 2014թ հոկտեմբեր ամսից գտնվում է բանտում:
Սակայն շատ մտավորականների համոզմամբ նրանք բանտարկելու հիմնական պատճառը իր հեղինակած «Սխալ հանրապետություն» գիրքն է, որում Նշանյանը համարձակվում է քննադատել Թուրքիայի պաշտոնական պատմությունը:
աղբյուր` ermenihaber