image

Սեւակ Արծրունի. Թուրքիա. Դարձ ի շրջանս յուր

Սեւակ Արծրունի. Թուրքիա. Դարձ ի շրջանս յուր

Էրդողանը դարձավ սուլթան: Ի սկզբանե նա հետապնդում էր քաղաքական այս հստակ նպատակը,  որն է՝ ստեղծել իսլամական նոր Թուրքիա եւ փոխարինել Աթաթուրքին:

Սակայն սկզբում նա իր քաղաքական ճանապարհը հիմնել էր քաղաքական իսլամի վրա եւ ԱՄՆ-ի ու Արեւմուտքի աջակցությունը վայելելու համար իր շարքերը կենտրոնացրել՝ Ազատական Իսլամի շրջանակների վրա:

Էրդողանը շատ շուտ հասկացավ, որ ազատական արժեքների վրա իր քաղաքական երազի կառուցումը դատապարտված է քաղաքական ձախողության:

Թուրքիայում կան չորս ուժի կենտրոններ՝ թուրք մահմեդականներ, թուրք ազգայնականներ, քրդեր եւ արեւմտամետ ազատական ու ժողովրդավարամետ շրջանակներ: Էրդողանը, իրատեսական եւ սառը մտածողության տեր լինելով, եզրակացրեց, որ ազատական իսլամի հետեւորդների, փոքրամասնությունների եւ ազատական ժողովրդավարների միացումով Թուրքիայում քաղաքական մեծամասնություն ձեւավորելը անիրատեսական է:

Այդ պատճառով 2015-ի խորհրդարանական ընտրությունների ձախողությունից հետո  նա լքեց իր ազատական եւ քուրդ դաշնակիցներին եւ միացավ ազգայնական բանակին, իր հետ տանելով իսլամական շրջանակների այն մասսային, որը հակված էր օսմանիզմին: Այստեղ նա ձեռք բերեց երկու առավելություն, նախ ձեւավորեց պարզ մեծամասնություն եւ երկրորդ՝ ազգայնական օսմանիստական թուրքիք հեռանկարի շուրջ համախմբված ժողովրդական հզոր հիմք:

Իրականում օսմանիզմը նույնպես իր մեջ պարունակում էր ազատական եւ ազգայնամոլական տարրեր: Ինչպես Երիտթուրքերը,  Էրդողանը նույնպես վտանգի պահին հասկացավ որ թուրք ժողովրդի քաղաքական կամքը պայմանավորված է թուրք ազգայնականության կամքով: Եվ այսպես Թուրքիան այսօր երեկոյան  դարձավ ի շրջանս յուրս՝ հաշտվեց իր ազգայնամոլական բնության հետ: Սա էլ հանգեցրեց այսօրվա թվերին:

Սակայն եկեք  դիտարկենք մի քանի երեւույթ, որոնք ամեն ինչ ասում են եւ  հուշում են ընտրությունների արդյունքները.

Ընդհանուր արդյունքները՝ 51.5 այո, 48.5 ոչ:

Արեւելեան Թուրքիա եւ Կիլիկիա, քրդական եւ ալեւիական ձայների մեծամասնությունը հակված է ոչ-ին: Սակայն որոշ շրջաններում զգացվում են քրդական հասարակության պառակտվածության դրսեւորումներ:

Եվրոպական եւ Արեւմտյան Թուրքիան, որտեղ իշխում են Աթաթուրքի հետեւորդները, շարունակում է մնալ Էրդողանի հեռանկարներին սպառնացող գլխավոր խնդիրը:

Իսլամամետ Թուրքիան եւ Ազգայնամոլ Թուրքիան համատարած հակված են Էրդողանի Օսմանական այո-ին:

Հիմա Թուրքիայում Էրդողանը դե յուրե միատէր լինելու բոլոր հիմքերը ունի: Բայց ի՞նչ է նա անելու:

Նա բանակցելու է արեւմուտքի հետ, եթե Ամերիկյան եւ Ատլանտիստական կլիենտալիստական վերնախավը Էրդողանին շնորհի (կամ արդեն շնորհել է) իր ուզածները, կգնա հարաբերական ժողովրդավարության ճանապարհով, կվերսկսի եվրոպական երկխոսություն, բանտերից կազատի այլախոհներին, կդավաճանի հիմա էլ ազգայնամոլ ՄԵ ՀԵ ՓԵ-ին, իր կողքին պահելով ազգայնամոլ օսմանիստներին: Այլապէս զարկ կտա Թուրքիայի ազգայնամոլական նկրտումներին եւ կսկսի տոտալ պատերազմ քրդերի դեմ:

Ես հավատում եմ որ տեղի կունենա առաջին տարբերակը: Չի բացառվում  նույնիսկ, որ առաջիկա ամիսներին նորից կհայտնվի Օջալանը եւ Թուրքիայում կվերսկվեն թուրքական ֆեդերալիզմի շուրջ քննարկումներ:

Ամեն դեպքում  Էրդողանն այսօր  ապահովեց իր նոր օսմանիզմի միատեր առաջնորդի իրավունքը, շնորհիվ թուրք ազգայնամոլականների, իսկ ժողովրդավար բարեփոխիչ Էրդողանից ոչինչ չմնաց: Սա է կարեւորը, որ մենք պետք է հասկանանք. Մեռավ ժողովրդավար թագավորը, կեցցե Սուլթան թագավորը: