image

Ավո Թումայանի կյանքի գործը

Ավո Թումայանի կյանքի գործը

Գլխավոր լուսանկարում՝ Ավո Թումայանը կենտրոնում

 

Ավոն՝ Ավետիս Թումայանը (Աւօ Թումայեան)  ինքնուս գրող է: Մասնագիտությամբ գծանկարիչ է եղել, աշխատանոց է ունեցել  նախ Հալեպում, ապա՝ Բեյրութի հայաբնակ Բուրջ Համուդ թաղամասում: Վերջին աշխատանոցը Լիբանանում մինչև այժմ էլ գոյություն ունի, ուր լուսանկարչական և տեսանկարահանման ստուդիա են հիմնել նրա որդին ու թոռը՝ Մարգար և Ավետիս Թումայաները: Մարգար Թումայանի հետ հարցազրույցի միջոցով էլ տեղեկություններ հավաքեցինք նրա հոր՝ Ավետիս Թումայանի մասին, որ առավել հայտնի է եղել Ավո անունով (Հայաստանի ազգային գրադարանում կան Ավոյի գրքերից, բայց հեղինակի մասին ոչ մի տեղեկություն չկա): 

Ավոն ծնվել է 1920 թվականին՝ Ձորք Մարզպանում (Տէօրթ Եօլ), սասունցիների ընտանիքում: 1922 թվականին ընտանիքով տեղափոխվել են Հալեպ, որտեղ նա հետագայում հաճախել  է Հայկազյան վարժարանը: Ունեցել է գծանկարչության հանդեպ մեծ սեր և իր ողջ ուշադրությունը կենտրոնացրել է գծանկարչության վրա: Հետաքրքրական է, որ Ավոն ընդամենը 5-րդ դասարանի կրթություն ունի, նա, այդ սերնդի սփյուռքահայ շատ պատանիների պես, վաղ է թողել դպրոցը, և 16 տարեկան դառնալուն պես աշխատանոց է բացել Հալեպի Սալիբե թաղամասում: Այդ աշխատանոցում նա ձեռքով նկարում էր խանութների անուններ, լոգոներ, գովազդային պլակատներ, կինոցուցադրումների ազդագրեր: Գեղագրությունը հարգի մասնագիտություն էր սփյուռքում, և շատ հայ վաճառականներ իրենց վաճառատների անունները պատվիրում էին ձեռքով գրված ու նկարազարդված:  Սալիբեից հետո Ավոն իր աշխատանոցը փոխադրել է Հալեպի մեկ այլ վայր: Հալեպյան միջավայրում էլ նա առնչվել է հեղափոխական թեմաներին, տարվել հայ ժողովրդի պատմությամբ և  մտադրվել  պատմություններ գրել՝ հեղափոխական ոգին փոխանցելով սփյուռքում ապրող հայ նոր սերնդին: Հեղափոխական թեմաներով նախ նյութեր է տպագրել Հալեպի, այնուհետև՝ Բեյրութի հայկական թերթերում: ՀՅԴ պաշտոնաթերթերում և թերթերի պատանեկան հավելվածներում հերթաբար տպագրել է իր «Հեղափոխական ալբոմ» շարքը՝ շարքի յուրաքանչյուր թեմա նվիրելով հայ ազատագրական պայքարի երևելի դեմքերից մեկին: «Հեղափոխական ալբոմ» շարքի համար նոր նյութեր հայթայթելու համար  նա մեկնել է Իրաք և Իրան, որտեղից վերադարձել է նոր ու հարուստ նյութերով, որոնց մի մասն առաջին անգամ  հրատարակվել է իր շարքում: Իր հետ բերել է նաև լուսանկարներ, որոնք հետագայում լույս են տեսել գրքերի վերածված ալբոմներում: 1962 թվականին Ավոն փոխադրվում է Բեյրութ, ուր շարունակում է նույն գործը: Աշխատել է  ՀՅԴ Լիբանանի պաշտոնաթերթ «Ազդակ» օրաթերթում: 1965-ից սկսած նա երեք անգամ այցելել է ԱՄՆ՝ կրկին նյութեր հայթայթելու և պատմական փաստեր հավաքելու նպատակով, հանդիպել է քաղաքական, կուսակցական գրոծիչների, հասարակական դեմքերի հետ: Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին որոշ շրջան նա մամուլում դադարեցրել է «Հեղափոխական ալբոմի» հրատարակությունը: Հետագայում «Հեղափոխական ալբոմի» բոլոր շարքերը  լույս են տեսել առանձին գրքով, կազմին՝ լուսանկար, և շատ արագ տարածվել են սփյուռքում ու Հայաստանում:

 


«Հեղափոխական ալբոմ»-ի մասին լուր՝ Թեհրանի «Ալիք» օրաթերթում, 1958 թ, 3 հուլիս

  

Տեղեկություններ կան, որ Նժդեհ անձնանունը սփյուռքում սկսել է տարածվել Ավոյի  «Նժդեհ. Կեանքն ու գործունէութիւնը» գրքի տպագրությունից հետո. շատերն իրենց տղաներին անվանել են Նժդեհ: Այդ գիրքը համարվում է  Գարեգին Նժդեհի մասին առաջին հիմնարար և ամենաամփոփ գիրքը, որը հիմք է դարձել հետագա հետազոտությունների համար։ Լույս է տեսել Հայաստանի Հանրապետության հիմնադրության 50-ամյակին՝ 1968 թվականի մայիսի 28-ին Բեյրութի «Համազգային» տպարանում և տարածվել ամբողջ սփյուռքում: Գրքի  կազմն այնքան հանրաճանաչ է եղել, որ որոշ հայ ընտանիքներում նորածին տղաներին անվանել են նույնիկս Աւօ-Նժդեհ: 

 




 


«Հեղափոխական ալբոմ»-ի օրինակ

 

 

Ավետիս Թումայանը մահացել է 1989 թվականի օգոստոսի 15-ին: Նրա գրքերը արժեւորվում են հատկապես այն առումով, որ, չունենալով նույնիսկ դպրոցական ամբողջական կրթություն,  նա ձեռնամուխ է եղել նման ծավալուն գործի, ինչն էլ դարձել է իր կյանքի գործը:

 

 

 


Հայտնի մատենագետ Արտաշես Տեր-Խաչատուրյանի հոդվածը՝ Ավոյի մահվան քառասունքի առթիվ, տպված Բեյրութի «Ազդակ» օրաթերթում, 1989 թ.,  23 սեպտեմբեր

 

 

Հայտարարություն՝ տպված  Բեյրութի «Ազդակ» օրաթերթում, 1963թ.,  3  հունվար

 

1963  թ-ին  «Հեղափոխական ալբոմ» -ը բացառիկ թիվ է նվիրել Զարեհ Ա կաթողիկոսին. հայտարարություն «Ազդակ» օրաթերթում, 1963,  20 մայիս

 


 

 Աւօ «Հրայր», 1985 թ.

 

 

 Աւօ  «Գեորգ Չաւուշ»,  1972 թ.