Երբ մարդ բաց է անում երկրագնդի քարտէզը, առաջին ակնարկով իսկ հասկանում է, որ պատմութեան գիշերում ահաւոր մի հրաբխային պայթում բաժան-բաժան է արել բոլոր աշխարհամասերը, գաւազանի հարուածը գլխին առաջ չորացած մոմէ արձանի նման:
Աշխարհը քակուել եւ ցրուել է:
Մաս-մաս բաժանուած հանելուկ պատկերների նման, որոնց առջեւ երեխաները գլուխ են ցաւեցնում, երկրագունդը տառապում է այդ ահաւոր ցրուածութիւնից: Կրինլէնտը, ակռաները բաց, մնացել է կախուած Հիւսիսային Աթլանթիայի գլխին, առանց կարողանալ միանալու, մէկ կողմից, Պաֆին կղզուն եւ Լապրատորին եւ, միւս կողմից, վագրի դիրք առած շուետական աշխարհին:
Ափրիկէն, գլուխը դուրս հանած, դեռ շարունակում է նայել Քարիպեան ծովին եւ, եթէ կարելի լինէր, Մարոքը եւ Ռիո Տէ Օրոն սրընթաց պիտի վազէին նորից՝ միանալու համար Պոստընից մինչեւ ճաքսընվիլ երկարող Աթլանթիան ծովափին: Պրազիլիան պիտի մտնէր Նիկէրիայի եւ Քամերոնի գիրկը. Սպանիան եւ Ֆրանսան պիտի զետեղուէին Հալիֆաքսի մօտերը, մինչ հակառակ կողմից, Ալասքան իր դուրս հանած լեզուով պիտի վերջապէս կարողանար լզել Բեւեռային շրջանի սառոյցները:
Ճշմարտութիւնն այն է,- եւ այդ ցոյց է տալիս քարտէզը,- որ աշխարհամասերը մէկը միւսից փախչում են: Փախչում են՝ ձգտելով միանալու:
Ուզում են լինեն միասին եւ չեն կարողանում եւ, որովհետեւ չեն կարողանում, հեռանում են:
Այսօրուան գիտութեան վերջին տեսութիւնից մէկն էլ այս է՝ Ամերիկան լողում է: Կրանիթեան շերտերի տակ տիղմ է, անկայուն, ծովերին յանձնուած, շարժուն:
Թւում է ոչի՞նչ:
Իսկ եթէ մի վարկեան դուրս գայինք մեր մրջունային գիտակցութիւնից, եթէ կարողանայինք վերագտնել մեր մէջ այն տիեզերականը, այն տեսլապաշտայինը, որի առջեւ բնականոն հորիզոնները փլչում են, մանր պատկերները՝ փոշիանում, վերագտնէինք այն աշխարհագիտութիւնը, որ պարզ է երեւի ինչպէս արեւի լոյսը, որ ներկայ է մեր մէջ, ինչպէս ամենուրէք, եւ այնքան ներկայ, որ չենք տեսնում:
Կարծում էք՝ ամէն ինչ տակնուվրայ՞ կլինէր:
Արդէն եղած է, ամէն ինչ տակնուվրայ է եղած, եւ մենք դանդաչում ենք խաւարում:
Մենք ոչինչ չգիտենք: Մենք չգիտենք օրինակի համար, որ Եգիպտոսի առաջին քաղաքակրթութիւնը հիմնել է կարմիր ցեղը, որ Սֆինքսը քանդակել են եւ անապատում զետեղել նրանք: Զետեղել են եւ մեկնել: Դարերով առանձնացել են հեռաւոր մի աշխարհամասում, որի մասին մարդկութիւնը տեղեկութիւն չունի: Իսկ երբ մարդկութիւնը տեղեկութիւն առաւ, որ գոյութիւն ունի անյայտ մի երկրամաս, նա եկաւ եւ իր առաջին գործն արաւ անխնայ կերպով ջարդել այդ կարմիրներին, որոնք քանդակել էին եւ անապատում զետեղել Սֆինքսը:
Սֆինքսը սպասում է, եւ ոչ ոք չի իմանում ո՞ւմ եւ ինչո՞ւ: Կայուն կանգնած, նա իր տեղից չի շարժւում, իր ուղղութիւնը չի փոխում: Սպասում է. ո՞ւմ եւ ինչո՞ւ ոչ ոք չի իմանում: Իսկ Ամերիկան լողում է: Տեղից շարժւում, հեռանում է:
Եւ որովհետեւ հեռանում է, մարդ չգիտի ո՞ւր: Մարդիկ, բռնուած բնազդական այն խենթութիւնից, որ կենդանիներին նախազգացնել է տալիս երկրաշարժը, մէկ կողմից անդադար վազում են, մի տեղից միւս տեղը փախչում, իրենք էլ չգիտեն ինչո՞ւ, եւ միւս կողմից կիկլոպային աշխատանք են թափում կանգնեցնելու համար հողերի քայլը:
Կոստան Զարեան
(Միացեալ Նահանգներ)