«Արեւելքի» տվյալներով Երևանում հողատարածք է հատկացվել լուսանկարչության միջազգային թանգարան կառուցելու համար, ուր պիտի ցուցադրվեն աշխարհահռչակ հայ լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարները: Երեկ լուրը Պոլսում անձամբ լուսանկարչին է փոխանցել Սևծովյան տնտեսական համագործակցությունում (ՍԾՏՀ) Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Ավագյանը:
Ինչպես տեղեկացրել էինք, պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի փաստաբանը նոյեմբերի 18-ին պայմանագիր էր ստորագրել Dugus թուրքական հոլդինգի հետ, ըստ որի, լուսանկարչի ողջ ժառանգությունն անցնելու էր ընկերությանը, ինչպես նաև Dugus-ը հնարավորություն էր ստանալու տնօրինելու այն շենքը, որտեղ գործում է Գյուլերի հիմնած «Արա» սրճարանը:
Օրերս մամուլը հաղորդեց, որ լուսանկարիչը չեղյալ է հայտարարել օրեր առաջ կնքված պայմանագիրը և, որ Թուրքիայի կառավարությանը մոտ կանգնած հոլդինգն այլևս իրավասու չէ տնօրինելու Գյուլերի արխիվը և պայմանագրով նախատեսված գույքը:
Մեր տեղեկություններով` Արա Գյուլերը բավարար չէր նկատել այն պայմանները, որոնք առաջարկվել են 3 միլիոն դոլար գնահատված լուսանկարչական հազվագյուտ արխիվի դիմաց, ինչպես նաև Ստամբուլի հնագույն շենքերից մեկի կառավարումը ստանձնելու համար, որը բազմաթիվ օտարերկացիների, զբոսաշրջիկների, արվեստագետների, քաղաքական գործիչների հավաքատեղին է: Շատերը «Արա» սրճարան են այցելում` հաղորդակցվելու իր օրվա մեծ մասն այնտեղ անցկացնող լուսանկարչի հետ:
Արա Գյուլերին այս ամենի դիմաց արդեն չեղարկված պայմանագրով տրվում էր ամսական 17 000 ԱՄՆ դոլար, չնայած ի սկզբանե խոսվել էր ավելի մեծ հոնորարի մասին:
Արա Գյուլերին մոտ կանգնած պոլսահայերից տեղեկանում ենք, որ Գյուլերը անձամբ է դժգոհ եղել պայմանագրից և օրենքով նախատեսած ժամկետում չեղյալ է հայտարարել այն:
Մեր աղբյուրները օրեր առաջ նաև հայտնել էին, որ Արա Գյուլերը դեռևս չի հրաժարվել իր ֆոտոարխիվը Հայաստանին նվիրելու ցանկությունից. նրան տարիներ առաջ որոշ գործիչներ խոստացել են Երևանում հիմնել լուսանկարչության միջազգային թանգարան և Գյուլերի արխիվը փոխադրել այնտեղ, սակայն խոստումները չեն իրականացվել:
Թուրքական որոշ ընդդիմադիր լրատվամիջոցներ էլ, իբրև պատճառ, շրջանառության մեջ են դրել Թուրքիայում տիրող հոգեբանական ծանր վիճակը, որի ֆոնին լուսանկարիչը որոշել է իր արխիվը չհանձնել Dugus-ին, որի տերը համարվում է Էրդողանի մտերիմը:
Լուսանկարում` Արա Գյուլերը և Արսեն Ավագյանը
Լուսանկարը` Արի Թաշի